Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով

17:46 16.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները:

Իրակլի Կոբախիձե – Հարգելի պարոն վարչապետ,

Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ:

Հիշեցնեմ մարտին իմ այցելությունը Հայաստանի Հանրապետություն, երախտագիտությունս եմ հայտնում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Վրաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամական կապերի վրա, որոնք գոյություն ունեն մեր ժողովուրդների միջև՝ հարյուրամյակների փոխադարձ հարգանքի հիման վրա: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել քաղաքական տեսանկյունից, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը: Շատ ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր դերակատարում է ունեցել և գործնական արդյունքների բերել:

Երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը` վարչապետին, իր այն որոշման համար, որով աջակցություն ցուցաբերվեց ՄԱԿ-ի բանաձևին՝ կապված ներքին տեղահանված անձանց և փախստականների` Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ վերադարձի հետ: Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Ես նաև երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը՝ աջակցելու մեր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մեր հարաբերությունները շատ դինամիկ են, բարձրաստիճան այցերը հաճախակի են, և մենք պարտավոր ենք այս շարժը մեր հարաբերություններում պահպանել: Մենք զրուցեցինք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների խորացման մասին՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բնագավառներում: Այս ոլորտները մեզ համար հավասարապես առաջնահերթ են:

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Կընդգծեի, որ մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է դրական ընթացքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ, և պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ ապահովելու կայունությունը տարածաշրջանում՝ բնականաբար, մեր ուժերի ներածի չափով:

Եվ վերջում, կրկին ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր այսօրվա հանդիպումների համար: Մենք շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում:

Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, Վրաստան այցելելու համար և շնորհակալություն Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը Ձեր ներդրման համար:

Շնորհակալություն:

Նիկոլ Փաշինյան – Մեծարգո վարչապետ Կոբախիձե,
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ հերթական անգամ եղբայրական Վրաստան այցի առիթով։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է նաև ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ այս տարվա հունվարին Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդպիսով, մեզ հաջողվել է մշակել արդյունավետ և պարբերական շփումների կենսունակ մի մեխանիզմ, որը հիմնված է փոխադարձ շահերի, մեր երկրների բարեկամ ժողովուրդների որդեգրած սկզբունքների և ժողովրդավարական արժեքների վրա։

Առանձնահատուկ պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը: Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա:

Հարգելի գործընկերներ,

Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները: Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը կարծում եմ՝ շատ կարևոր է :

Կարծում եմ՝ տեղյակ եք, որ շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը տեքստի: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ:

Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր Կառավարության առաջնահերթություններից մեկը: Այս հարցում մեր պատկերացումները լավագույնս արտացոլված են Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ի դեպ, առաջին անգամ միջազգային մեր գործընկերների դատին եմ հանձնել հենց Թբիլիսիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում :

Հարգելի պարոն վարչապետ,

Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Ահա այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում նաև Վրաստանի Կառավարության ջանքերը՝ իր ներդրումն ունենալ և իր վարած քաղաքականություններով նույնպես նպաստել տարածաշրջանում և միջազգային կայունության և խաղաղության հաստատմանը:

Շնորհակալություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

08:35 26.11.2024

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող Բրեթ Մաքգուրքը սաուդյան պաշտոնյաների հետ կքննարկի, թե ինչպես Իսրայելի հետ հնարավոր զինադադարը Լիբանանում կարող է օգնել մեղմել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։ «Բրեթ Մաքգուրքը, որը պարբերաբար մեկնում է Մերձավոր Արևելք, նոյեմբերի 26-ին կլինի Սաուդյան Արաբիայում, […] ...

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

08:25 26.11.2024

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Շոն Փորթերը կանխատեսել է, որ Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիի դեմ երկրորդ մենամարտում կրելու է առաջին պարտությունը։ «Ես Ֆյուրիից հաղթանակ եմ ակնկալում։ Նա խոշորամարմին է և գիտի` ինչպես դա օգտագործել իր օգտին։ Կարծում եմ` երկրորդ մենամարտը, գրեթե ամբողջությամբ, կլինի այնպիսին, ինչպիսին առաջինն էր։ Ֆյուրին […] ...

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

08:20 26.11.2024

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մասնակցելու են Վաշինգտոնի նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին։ «Նախագահը խոստացել է, որ ինքը կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նա և Առաջին տիկինը կհարգեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը»,-նախագահական ինքնաթիռում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:10 26.11.2024

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

08:05 26.11.2024

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...

Հրդեհ Գառնի գյուղում

08:00 26.11.2024

Հրդեհ Գառնի գյուղում

Նոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի […] ...

BACK_TO_TOP