Հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը կշարունակվի. Արաքսիա Սվաջյանն ամփոփել է ուսումնական տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը կշարունակվի. Արաքսիա Սվաջյանն ամփոփել է ուսումնական տարին

17:11 23.05.2024

Ավարտին մոտեցող 2023-24 ուսումնական տարին բարդ էր և մարտահրավերներով լի. իրականացվել են մի շարք ծրագրեր ու փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն էր:

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով ուսումնական տարվա ամփոփման աշխատանքները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը 39.406 է, իսկ 12-րդ դասարանցիներինը՝ 20.554: Ընդ որում՝ Տավուշի մարզում 2023-2024 ուստարում առաջին անգամ 9-րդ և 12-րդ դասարանները կավարտեն հանրակրթության պետական չափորոշչով ուսանած առաջին շրջանավարտները՝ 1678 շրջանավարտ 9-րդ դասարանում և 1045 շրջանավարտ՝ 12-րդ դասարանում:

Երկօրյա լրացուցիչ պարապմունք ցածր առաջադիմությամբ սովորողների համար

«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրումը բարդ գործընթաց էր, որը նաև երկարատև նախապատրաստական աշխատանք էր ենթադրում, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստումների իրականացում, մենթոր դպրոցների համակարգի ստեղծում և այլն: Չափորոշչի ներդրման շրջանակում, բացի բովանդակային փոփոխություններից, նաև մի շարք նոր գործընթացներ են իրականացվել, մասնավորապես՝ փոխվել է գնահատման համակարգը»,- ասել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր: 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից մինչև 12-րդ դասարանը ներառյալ՝ կատարում է միավորային գնահատում՝ կիրառելով 10 միավորային սանդղակ, որտեղ որևէ նիշ անբավարար գնահատական չէ։

«Մեզ մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների հարցը, որոնց համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներն ապահովում են երկարօրյա ծառայություն, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ պարապմունքների մասնակցել այն առարկայից, որից ունեն ցածր առաջադիմություն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ պարզաբանելով, որ այդ ծառայության համար երեխայի ծնողը վճարում չի կատարում: Երկարօրյա ուսուցումը, ըստ փոխնախարարի, պետական հանրակրթության կազմակերպման բաղադրիչ է:

Նոր դասագրքերի ստեղծում

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև չափորոշչի ներդրման շրջանակում մեկնարկած նոր դասագրքերի ստեղծման, տպագրման և դպրոցներին մատակարարման գործընթացին. «2023 թվականի համար հայտարարվել էր 65 անուն դասագրքերի մրցույթ, որոնցից 49 անուն դասագրքերի մրցույթը կայացել է. դրանք տպագրվել և բաշխվել են դպրոցներին: Հաջորդ տարի հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: Այս պահին 109 դասագրքի հայտ ենք ստացել, որոնք ներկայում փորձաքննության փուլում են: Նախարարի հրամանով երաշխավորվելուց հետո դրանք կհանձնվեն տպագրության, որպեսզի հաջորդ ուսումնական տարվա սկզբին մենք դպրոցներում պատրաստ ունենանք բոլոր դասագրքերը»:

Ավելացել է հանրակրթությանը հատկացված բյուջեն

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ուստարվա սկզբից ներդրվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը․ սովորողի թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարանների թվով ֆինանսավորմանը, էապես ավելացել է կրթության ներառականության ֆինանսավորումը, առանձին ֆինանսավորում է նախատեսվել լաբորատորիաների պահպանման համար, նորմատիվային դաշտ են բերվել առանձին ուղղություններով ֆինանսավորման ծախսերը, որը ևս արդեն տալիս է իր առաջին արդյունքները: Նախարարի տեղակալի խոսքով՝ եթե 2023 թվականին հանրակրթության համար հատկացվել էր ավելի քան 115 մլրդ դրամ, ապա 2024 թվականի հաստատված բյուջեն կազմում է ավելի քան 121 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 6.6 մլրդ դրամով:

Քննությունների կազմակերպումը Տավուշի դպրոցներում՝ ըստ հանրակրթության նոր չափորոշչի

Անդրադառնալով Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի ավարտական քննությունների կազմակերպմանը՝ փոխնախարարը նշել է, որ «Գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական առարկաների քննությունները կիրականացվեն պետական նոր չափորոշչի տրամաբանությանը և բովանդակությանը համապատասխան: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ կարևորելով երեխաների քննադատական մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և վերլուծական միտքը՝ բնագիտական առարկաների քննությունները Տավուշում կիրականացվեն ոչ միայն թեստերի, այլև նախագծային աշխատանքների միջոցով՝ կամընտրական ձևաչափով:

4-րդ դասարանի ավարտին սովորողների ուսումնառության վերջնարդյունքները կստուգվեն մեկ միասնական թեստով, իսկ 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխանող թեստերով: Նրա խոսքով՝ բացի հունվար և հունիս ամիսներին անցկացվող միասնական քննություններից՝ Տավուշի մարզի սովորողների համար փորձարարական միասնական քննություն կանցկացվի նաև հուլիս ամսին՝ լրացուցիչ քննությունների համար սահմանված ժամկետում: Միասնական և փորձարարական-միասնական քննություններից շրջանավարտի ստացած ամենաբարձր միավորը համարվում է վերջնական, որը նա կարող է օգտագործել նաև բուհի ընդունելության համար:

ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար սովորողներ դպրոց են հաճախում ՀՀ-ում

2024 թվականի մայիսի 22-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 հազար սովորողներ դպրոց են հաճախում ՀՀ-ում. նրանք ընդգրկված են բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններում և ստացել են անհրաժեշտ պարագաներ ու դասագրքեր կրթության սահուն կազմակերպման նպատակով:

Դպրոցների տնօրենների ընտրության մասին

2023 թվականից ներդրվել է դպրոցների կառավարման նոր մոդելը, որով առանձնացվել է դպրոցների բովանդակային և վարչատնտեսական կառավարումը: Ամբողջությամբ փոխվել է նաև տնօրենների ընտրության և նշանակման կարգը: 2023 թ.-ին տնօրենների հավակնորդների ներկայացրած 523 զարգացման ծրագրից դրական եզրակացություն է ստացել 81-ը (15,48%), իսկ 2024 թվականին՝ 343 ծրագրից 30-ը (8,7%): Այս պահին փորձաքննության մեջ է գտնվում 67 ծրագիր: Նախարարությունում իրականացվել է 65 հարցազրույց, որոնցից դրական եզրակացություն է ստացել 25 հավակնորդ (38%), բացասական` 40 հավակնորդ (62%):

«Դպրոցների տնօրենների ընտրության հարցում լուրջ խնդիր ունենք և այն լուծելու նպատակով մշակում ենք ծրագիր, որը հավակնորդներին վերապատրաստումների լրացուցիչ աջակցության հնարավորություն կտա»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

2023 թվականին միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներից 894-ը դիմել է ատեստավորման. 60 տոկոսի շեմը հաղթահարել է 354-ը

«2023 թվականի օգոստոսի 20-ից հետո միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն այլևս չէին կարող շարունակել աշխատանքը դպրոցում, եթե կամավոր ատեստավորման կամ բարձրագույն կրթության պայմանը չապահովեին: Նրանց հավելյալ հնարավորություն տրվեց շարունակել մասնագիտական գործունեությունը՝ անցնելով կամավոր ատեստավորում; 2023 թվականին միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներից 894-ը դիմել է կամավոր ատեստավորմանը, որոնցից 60 տոկոսի շեմը հաղթահարել է 354-ը»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է աջակցության ծրագիր միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը դպրոցում: Ստեղծվել է երկու հնարավորություն. նրանք կարող են մասնակցել վերապատրաստման դասընթացների, հաջորդաբար՝ կամավոր ատեստավորմանը և դրական արդյունքի դեպքում վերադառնալ դպրոց: Մյուս հնարավորությունն էլ բարձրագույն կրթություն ստանալն է՝ պետական բյուջեի միջոցներով:

Կամավոր և հերթական ատեստավորման մասին

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ արդեն իսկ հայտարարվել է 2024 թվականի կամավոր ատեստավորման գործընթացի մասին, որի հայտագրման վերջնաժամկետն այս տարվա սեպտեմբերի 1-ն է: Այս տարի կամավոր ատեստավորումն իրականացվելու է բոլոր առարկաներից՝ էլեկտրոնային ձևաչափով: Զուգահեռաբար մեկնարկել է նաև ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացի հայտագրումը. այստեղ ևս փոփոխություն կա:

«Նախկինում եթե բոլոր ուսուցիչները նույն մոդուլով և ձևաչափով էին վերապատրաստում անցում, ապա հիմա ներդրվել է կարիքի վրա հիմնված վերապատրաստման համակարգը, որի շրջանակում ուսուցիչներին իրենց և տնօրենների գնահատման արդյունքում կառաջարկվի այնպիսի վերապատրաստում, որոնք համապատասխան կլինեն նրանց մասնագիտական կարիքներին»,- ասել է նախարարի տեղակալը:

Առաջին դասարանցիների հայտագրման մասին

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացին, որը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Արաքսիա Սվաջյանը ծնողներին հորդորել է հետևողական լինել ժամկետների հարցում, որպեսզի նշված ժամկետներում կարողանան սահուն կազմակերպել հայտագրման գործընթացը:

Արաքսիա Սվաջյանը նշել է՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերլուծությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի 6 տարեկան երեխաների շուրջ 10%-ը դպրոց չի հաճախում և համալրում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը: Այս առումով կատարվել է փոփոխություն. 2025-26 ուսումնական տարվանից բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկանում առաջին դասարան չեն գնա և կլինեն ավելի բարձր տարիքային խմբում, ուսումնառությունը կսկսեն իրենց տարեկիցների հետ միաժամանակ:

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետ

18:36 17.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետ

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […] ...

Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»

18:30 17.04.2025

Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»

Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […] ...

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետ

18:24 17.04.2025

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետ

Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը: ...

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

18:16 17.04.2025

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: ...

«Չելսին» 100 միլիոն ֆունտից ավելի կպահանջի Կայսեդոյի համար

18:12 17.04.2025

«Չելսին» 100 միլիոն ֆունտից ավելի կպահանջի Կայսեդոյի համար

«Չելսին» ակումբի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 100 միլիոն ֆունտից ավելի գումար, հայտնում է The Telegraph-ը։ Էկվադորցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: «Չելսին» Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը 2023թ. ամռանը 116 միլիոն եվրոյով գնել էր «Բրայթոնից»։ ...

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանը

18:06 17.04.2025

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանը

Վիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը ապրիլի 16-ին մասնակցել է Վիետնամի կառավարության կողմից Հանոյում կազմակերպված «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» (P4G) չորրորդ գագաթնաժողովի բացման նիստին և բարձր մակարդակի վեհաժողովին։ Այս մասին հայտնում են Վիետնամում Հայաստանի դեսպանությունից: «Այս նշանակալի միջոցառումը ներկա էին աշխարհի տարբեր երկրների կառավարության, բիզնեսի և քաղաքացիական […] ...

BACK_TO_TOP