18:52 11.03.2024
2024 թվականի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը կանցկացվի Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն: Հայաստանի Հանրապետությունը Վենետիկի 60-րդ՝ հոբելյանական արվեստի բիենալեում կներկայանա փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանի մասնակցությանը Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ, Հայաստանի ազգային տաղավարի կոմիսար Սվետլանա Սահակյանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, Հայաստանի ազգային տաղավարի համադրող Արմեն Եսայանցը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը, «Ֆաստեքս» ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Մարիամ Բալադյանը:
Հայաստանը բիենալեին մասնակցում է պետական մակարդակով
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է՝ Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի ոլորտի ամենահեղինակավոր հարթակներից է, և այն իր հեղինակությամբ, մասշտաբներով կարևոր ու նշանակալի տեղ ունի մշակույթի, ժամանակակից արվեստի բնագավառում, ուստի բիենալեին մասնակցությունը Հայաստանի համար մեծ պատիվ է: Հատկանշական է, որ Հայաստանը բիենալեին մասնակցում է պետական մակարդակով:
«Հայաստանը բազմիցս մասնակցել և կշարունակի մասնակցել Վենետիկի արվեստի բիենալեին: Վենետիկի բիենալեին մասնակցում են աշխարհի լավագույն մասնագետներն ու արտիստները, ուստի մենք հանրահռչակում ենք մեր պետությունը, մեր արվեստն ու արվեստագետներին: Բիենալեին մեր մասնակցի ընտրությունը կատարվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Կարծում եմ՝ Նինա Խեմչյանի նախագիծը հիանալի կոնցեպտ ունի, որը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել և փայլուն ներկայացնում է մեր արվեստը: Հայաստանը նախատեսում է մասնակցել նաև նորաստեղծ բիենալեների, փառատոների և այլ հեղինակավոր ստուգատեսների՝ այս կերպ հանրահռչակելով, աշխարհին լավագույնս ներկայացնելով ու ճանաչելի դարձնելով հայկական մշակույթը»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Նորարարական հայեցակարգ. «Ֆիգիտալ տարածքներ»
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ 2024 թ․ Հայաստանը Վենետիկի բիենալեին ներկայացված է լինելու նաև ոչ մրցութային ձևաչափով՝ «Ակնեյե» նախագծով (hամադրող՝ Անաստասիա Դոուսոն, հանձնակատար՝ Վիգեն Բադալյան): AKNEYE BY ftNFT տաղավարը Վենետիկի բիենալեի 2024 թվականին կներկայացնի նորարարական հայեցակարգ, որը կոչվում է «Ֆիգիտալ տարածքներ»: Տաղավարը ֆիզիկական քանդակների և NFT-ների (չփոխարինելի ժետոններ) եզակի խառնուրդ է: Ցուցահանդեսի ինտերակտիվ թվային տարածքում այցելուները կարող են ընկղմվել AKNEYE քանդակների թվային ներկայացումների մեջ: Այս թվային արշավը կլրացնի AKNEYE քանդակների ցուցադրությունը՝ արվեստը շարժման մեջ ձևաչափով:
Դանիել Դանիելյանը կարևորել է բիենալեի շրջանակում պետություն-մասնավոր հատված գործակցությունը՝ շնորհակալություն հայտնել Գաֆէսճեան արվեստի կենտրոնին և «Ֆաստեքս» ընկերությանն արդյունավետ համագործակցության համար:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը տեղեկացրել է, որ դեռևս 2022 թվականին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նախաձեռնել է Նինա Խեմչյանի «Արձագանք» ցուցադրությունը, որը հանրության կողմից ընդունվել է մեծ հետաքրքրությամբ. «Այս նախագիծը այնքան ենք կարևորել, որ հայտ ենք ներկայացրել նախարարությանը՝ Վենետիկի արվեստի բիենալեին Հայաստանի ազգային տաղավարում ներկայացնելու համար: Նախագիծն ընտրվեց, և այն ունի շատ կարևոր ուղերձ»,- նշել է նա` հավելելով, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նախագծի այս տարվա հովանավորներից է:
Սահիկաշարով ներկայացվել է Հայաստանի ազգային տաղավարի ձևավորումը
Հայաստանի ազգային տաղավարի համադրող Արմեն Եսայանցը սահիկաշարի միջոցով ներկայացվել է Հայաստանի ազգային տաղավարի ձևավորումը, փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագիծը և այլ մանրամասներ. «Հայաստանի ազգային տաղավարի առանցքում հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդկային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարներն են, որոնք վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում»։ Նինա Խեմչյանի «Արձագանքը» բաղկացած է երկու ծավալուն՝ միմյանց լրացնող և միաժամանակ իրարից սերող ինստալյացիաներից։ Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում, կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։ Այս քանդակներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված են Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականներից տասնմեկը։ Հայոց պատմության մեջ հայ գրերի հեղինակ, փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (4-5-րդ դարեր) առանցքային կերպար է՝ որպես հոգևոր առաջնորդ և հայկական սրբազան երաժշտության հիմնադիր։ Երկար տարիներ Նինա Խեմչյանն ուսումնասիրել է Մաշտոցի ժառանգությունը։
Ինստալյացիայի անբաժան մաս է կազմում այս շարականների «ա կապելլա» կատարումը Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կողմից, որը ոգեշնչել է Նինա Խեմչյանին։ Սա շոշափելի քանդակի և անշոշափելի ձայնի արվեստային միահյուսում է՝ ներկայացնելով հնագույն հայկական հոգևոր երաժշտությունն արդիական և ազդեցիկ կերպով։
Նինա Խեմչյանի «Յոթ մահացու մեղքեր» աշխատանքը՝ Հայաստանի ազգային տաղավարում
Արմեն Եսայանցի տեղեկացմամբ՝ Հայաստանի ազգային տաղավարի կարևոր մաս է կազմելու նաև Նինա Խեմչյանի «Յոթ մահացու մեղքեր» աշխատանքը՝ 50 մետր երկարությամբ ամբողջական թղթե մոնումենտալ ստեղծագործություն, մարդկության մեղքերով մի կոթողային գլանակ։ Այն բաժանված է յոթ մասերի, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է մեղքերից մեկին․ բղջախոհություն, որկրամոլություն, ծուլություն, ագահություն, բարկություն, հպարտություն, նախանձ։ Աշխատելով սև թանաքով սպիտակի թղթի մակերեսին՝ արվեստագետը ոչ միայն կտրուկ, գրաֆիկական որակներ է հաղորդում ստեղծագործությանը, այլև փոխանցում է բարոյականի ու անբարոյականի բևեռային տարբերությունը։
Երկու աշխատանքները՝ «Արձագանքն» ու «Յոթ մահացու մեղքերը» լրացնում և հարստացնում են միմյանց՝ միահյուսելով մարդկային մեղսավորության ու ապաշխարանքի թեմաները, որոնք կարևոր և կենսական են հատկապես այսօր։
Հայկական տաղավարը նաև երկխոսություն է ստեղծում 2024 թվականի Վենետիկի բիենալեի «Օտարներ ամենուր» թեմայի հետ՝ ներկայացնելով Ֆրանսիայում ապրող հայազգի արվեստագետի՝ Նինա Խեմչյանի աշխատանքները։ Ապրելով Եվրոպայում՝ նրա ստեղծագործությունը արմատներով կապվում է այսօր վտանգված հայկական միջնադարյան ժառանգության հետ՝ գերազանցելով աշխարհագրական և ժամանակային սահմանները՝ անդրադառնալով ինքնության, հիշողության և պատկանելության թեմաներին։
Մարիամ Բալադյանի նշմամբ՝ «Ֆաստեքս» ընկերության ուրախությամբ է աջակցել Հայաստանի ազգային տաղավարին՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեի շրջանակում՝ խթանելով արտերկրում հայկական մշակույթի պատշաճ ներկայացմանը:
Հայաստանի ազգային տաղավարը կներկայացնի նաև կրթական ծրագիր
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը նշել է, որ Հայաստանի ազգային տաղավարի շրջանակում անցկացվելու է նաև կրթական ծրագիր, որի միջոցով բացահայտվելու են «Արձագանք» նախագծի տարբեր շերտերը։ Բացի այդ՝ բիենալեի բացման առաջին շաբաթվա ընթացքում՝ ապրիլի 19-23-ը, տաղավարում կանցկացվեն հանդիպումներ արվեստագետի ու համադրողի հետ։
Հայաստանի ազգային տաղավարի նախապատրաստման աշխատանքները պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակ է։
Տաղավարի համակազմակերպիչը Գաֆէսճեան արվեստի կենտրոնն է (ԳԱԿ), իսկ Հայաստանի ազգային տաղավարի համաֆինանսավորողները՝ «Ֆաստեքս» կազմակերպությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ)։
Նինա Խեմչյանը (ծնվել է 1964, Երևան) փարիզաբնակ հայազգի արվեստագետ է։ Ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական դիզայնի բաժինը: 1990-ական թվականներից Նինան ակտիվորեն աշխատել և ցուցադրել է իր ստեղծագործությունները Հայաստանի տարբեր պատկերասրահներում: Տեղափոխվելով Ֆրանսիա՝ նա շարունակել է իր կրթությունը Փարիզի կիրառական արվեստների և արհեստների ազգային դպրոցում 1996-1998 թվականներին։ Ավելի քան 30 տարի արվեստագետն աշխատում է որպես քանդակագործ, ինչպես նաև ստեղծում է գրաֆիկական աշխատանքներ։ Նա մասնակցել է տասնյակ խմբային ցուցադրությունների և ներկայացրել իր աշխատանքներն արվեստի միջազգային տոնավաճառներում, փառատոներում ու անհատական ցուցադրություններում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Լիբանանում։ Նինա Խեմչյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի և Սերգեյ Փարաջանովի թանգարանի հավաքածուների մաս են կազմում։
18:48 17.04.2025
Համայնքային ոստիկանները անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ զարգացնում են հմտություններըԱնչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է մի շարք հմտություններ ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից: Հենց այդ կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած «Համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը» խորագրով եռօրյա վերապատրաստումը: ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ վերապատրաստումն իր բնույթով աննախադեպ է, քանի որ մասնակցում է ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումների […] ...
18:43 17.04.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար Արմեն ՊետրոսյանինԱպրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և […] ...
18:36 17.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետԱպրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […] ...
18:30 17.04.2025
Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […] ...
18:24 17.04.2025
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետԲրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը: ...
18:16 17.04.2025
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: ...