Մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը. Սերժ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը. Սերժ Սարգսյան

15:36 19.03.2018

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Նախագահի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Բարև՛ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի հարգելի՛ ներկայացուցիչներ:

Այսպիսի օպերատիվ հավաքները վաղուց արդեն ավանդական են դարձել: Հենց այս հանդիպումների շնորհիվ է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզաբանում է գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների առջև դրվող խնդիրները: Մենք միասին նաև տեղեկատվություն ենք փոխանակում, ստուգում մեր աշխատանքի արդյունավետությունը: 

Տարիներ շարունակ մեր զինված ուժերի առանցքում դրել ենք անհատի գիտելիքն ու ունակությունները բազմապատկելու խնդիրը: Մեր նախընտրությունը մշտապես եղել է ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունը: Այս հավաքները եղել են որակական առավելության հասնելու ուղիների շահագրգիռ քննարկումների դրսևորումներից մեկը:

Այսօր մենք մտքեր կփոխանակենք, որպեսզի ձևավորենք միասնական պատկերացումներ, տեսակետներ և մոտեցումներ մեր ապագա ծրագրերի շուրջ:
Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանության քաղաքականության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին: Սահմանադրության համաձայն փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության խորհուրդ-կառավարություն-պաշտպանության նախարարգլխավոր շտաբի պետ տեսքը: Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը և վերահսկումը ևս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ: 

Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ունենալու դերակատարություն պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ զինված ուժերի կյանքում: Վարչապետի առաջարկությամբ նա նշանակելու է Հայաստանի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին՝ գլխավոր շտաբի պետին, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումները:

Արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել պաշտպանության ոլորտի օրենսդրությունը վերանայելու ուղղությամբ, սակայն այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Պաշտպանության բնագավառի պաշտոնյաները պետք է լինեն ճկուն՝ համագործակցելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության իրենց գործընկերների հետ: Մեծ է անելիքը այս նոր պայմաններում ենթաօրենսդրական ակտերի մշակման և համապատասխանեցման գործում:
Մենք պետք է ոչ միայն լավ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր գրենք, այլև լավագույնս իրականացնենք դրանք: Այս երկուսի միջև խզում կամ, առավել ևս, թերացում չպետք է լինի:

Այս փոփոխությունների և զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների համատեքստում որոշել ենք «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը տեղափոխել այս տարվա աշուն: Զորավարժության հիմնական նպատակը պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային պատրաստության մակարդակի գնահատումն է, ինչպես նաև պետական տարբեր հաստատությունների փոխգործակցության և ներդաշնակության բարձրացումը: Զորավարժությունը ներառելու է ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր նախարարությանը փորձարկել սեփական որոշումների կայացման մեխանիզմները և կատարելագործել դրանք։

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաև՝ ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող:

Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները և մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջև և օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, և մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք:

Հենց այդ պատճառով էլ մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան:

Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը:

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Այս ճանապարհին մեր ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկը զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացումն է: Առաջին հերթին, մենք բանակը դարձրել ենք առավելագույնս թափանցիկ և հասկանալի մեր հանրության համար: Դա բնավ չի թուլացրել մեր զինված ուժերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդել է բանակ-հասարակություն կապը: Ավելին, բանակի վրա ծախսվող ռեսուրսները գնալով դառնում են ավելի հասանելի և օգտավետ մեր հասարակության լայն շերտերի համար: Դա նաև արտահայտվում է կոնկրետ ծրագրերի միջոցով, որոնց անուններն արդեն, իհարկե,քաջ հայտնի են բոլորին: 
Արդեն իսկ պատրաստ է գալիք յոթ տարիների բարեփոխումների ճանապարհային քարտեզը: Ցանկացած պլանավորում և վերահսկողություն պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում իրականացվում է ըստ յոթնամյա ծրագրի՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների, մարդկային ռեսուրսների հաշվառում, թե այլ բան:

Արդիականացվում է նաև կառավարման համակարգը: Կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե կրճատումներին, այլ գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը համարում եմ աշխատանքի պարտադիր պայման:

Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները:

Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում՝ ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր բանակի մարտունակության, մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար:

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները:
Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները

Անհրաժեշտ է բարձրացնել յուրաքանչյուր զինծառայողի գիտակցական վերաբերմունքը սպառազինության և ռազմական տեխնիկայի նկատմամբ։ Նա իր զենքը կամ ռազմական տեխնիկան պետք է կարողանա գործածել ոչ միայն հմտությամբ և պարտադիր կանոնների պահպանմամբ, այլև հոգածությամբ և խնամքով: Յուրաքանչյուր զինվորական պետք է քաջ գիտակցի, որ մարտական խնդիրը կատարելիս՝ զենքն ամենահավատարիմ զինակիցն է: Ես սա չեմ ասում ձևի համար, այլ ասում եմ, որովհետև այդպիսի երևույթներ են եղել և այսօր շարունակվում են: 

Ռազմարդյունաբերությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական և գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաև արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը: Պետք է ներգրավել երիտասարդ գիտնականների, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են նորը կառուցելու՝ իրացնելով առկա ներուժը։ Ռազմարդյունաբերության ոլորտում գիտական վաշտ ձևավորելու գաղափարն իրատեսական է: Կարևորում եմ նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը, համատեղ նախագծեր ու միասնական արտադրություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքները:

Անհրաժեշտ է խորացնել ռազմադիվանագիտական կապերը՝ հավատարիմ մնալով մեր դաշնակցային պարտավորություններին: Մեծ է խաղաղապահ առաքելության դերը հայոց բանակի ու պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: Դրա շնորհիվ մենք ոչ միայն ընդարձակում ենք ռազմական ոլորտում մեր միջազգային համագործակցության հորիզոնները, այլև ձեռք ենք բերում նոր բարեկամներ և գործընկերներ։

Մենք ունենք լայն հնարավորություններ ռազմական կրթության ոլորտում. ի լրումն հայաստանյան ուսումնական հաստատությունների՝ մեր երիտասարդները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Ռուսաստանում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ապահովում է բարձրակարգ պայմաններ և բարձրակարգ դասախոսական կազմ: Նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը՝ ապագա ունենալու մեր կարևոր երաշխիքն է:

Զինված ուժերում առկա սոցիալական խնդիրները հասարակության ուշադրու-թյան կենտրոնում են: Մեր պարտքն է համակարգային մոտեցում ցուցաբերել մեր զինհաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է առավելագույնս թափանցիկ և անվտանգության ոլորտում պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցության լավ օրինակ է: Կարծում եմ, որ ժամանակի հետ կաճեն նաև կամավոր վճարումները: Իրոք, ես բարձր եմ գնահատում ինչպես այս հիմնադրամի ստեղծման գաղափարը, այնպես էլ հիմնադրամի աշխատանքները: Եթե ուշադիր հետևելու լինենք՝ կտեսնենք, որ դրա շնորհիվ ինչ-որ չափով մեղմացրել է եղած խնդիրը: Ես համոզված եմ, որ տարիների ընթացքում հիմնադրամն ունենալու է այնպիսի հնարավորություններ, որոնք մեզ հնարավորություն են տալու ավելի խորացնելու աշխատանքները և, լավ առումով եմ ասում՝ խախտելու հիմնադրամի առաքելության ժամկետները: Ես նկատի ունեմ՝ մենք կամաց-կամաց անցնելու ենք, հետ ենք դառնալու դեպի նախորդ տարիներ: Ֆինանսական հնարավորությունները դա թույլ են տալու: Թեև, ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ զոհվածների, հաշմանդամների սոցիալական խնդիրները շատ ծանր բեռ են ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ կան, որոնց սոցիալական խնդիրները մինչև հիմա լուծված չեն: Տեսեք, թե քանի տարիներ են անցել: Բայց սա խնդիր է, պարտականություն է, որ պետությունն ուղղակի պարտավոր է լուծել, և գալու է ժամանակ, երբ մեր երկրում չի լինելու զոհված համ հաշմանդամ զինվորի ընտանիք, որ սոցիալական լուրջ աջակցություն չի ստանալու: 

Իրականացվում են բնակարանային ապահովության հատուկ ծրագրեր սպաների բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ ծրագրի՝ սպան գրանցումից հետո արդեն երրորդ տարում բնակարան կստանա: Դրա համար կտրամադրվի հիփոթեքային վարկ և 20 տարիների ընթացքում նա կմարի միայն մայր գումարը, այն էլ՝ որոշակի զեղչով:

Հաղթանակած և բարձր համբավ ունեցող բանակին վայել է միայն բարձր կարգապահությունը: Չպետք է որոշ ամոթալի դեպքեր ստվեր գցեն բոլորիդ կատարած ահռելի աշխատանքի վրա: Բանակն իսկապես մեր ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ուստի նման դեպքերն արժանանում են զգայուն հասարակական արձագանքի: Մարտական պատրաստության գործընթացը և պարապմունքների հստակ ժամանակացույցը կարգապահության ամրապնդման, բռնարարքների բացառման, արտակարգ դեպքերի նվազեցման ամենաարդյունավետ ճանապարհն են: Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչը, իհարկե, անթույլատրելի է: 
Այդուհանդերձ, որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն «զրո» ցուցանիշը պետք է լինի: Այսինքն՝ ոչ մի զոհ բանակում: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիարժեք գոհ լինելու մասին:

Ինքնակատարելագործումը և մեթոդական պատրաստությունը, պետք է լինեն ձեր ծառայության անբաժան բաղկացուցիչը: Տեսական գիտելիքներ ձեռք բերելու այլ ճանապարհ, քան ընթերցանությունն է, չկա: Իսկ եթե տեսական գիտելիքներ չկան, ի՞նչը պետք է կիրառվի գործնականում: Պետք է դրա համար միշտ ժամանակ գտնեք: Եվ հայտնի բան է, որ մշտապես ժամանակ չունեն միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում: 

Հայաստանի զինվորականը պետք է մշտապես կատարելագործվի և զարգանա: Ուսուցման և աշխատանքի ժամանակ ստացած գիտելիքները արագ կորչում են, եթե չեն ամրապնդվում ինքնապատրաստությամբ: Որևէ բան սովորելու համար ոչ մի առիթ բաց մի թողեք: Օգտակար բան սովորել հնարավոր է բոլորից՝ թե՛ ղեկավարներից և թե՛ ենթականերից:

Խստապահանջ եղեք ինքներդ ձեր և կողքինների նկատմամբ: Առաջինը դուք պետք է տեսնեք սեփական սխալները: Արեք հետևություններ, որպեսզի այլևս չկրկնեք այդ սխալները: Եվ մեկ անգամ ևս հստակ պետք է ընդգծենք՝ ցանկացած խստապահանջության հիմքում ձեր սեփական օրինակը պետք է լինի: Չես կարող խստապահանջ լինել ենթակայի նկատմամբ, եթե ինքդ խախտում ես ինչ-որ բան: 

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Առաջընթացը առաջին հերթին պայմանավորված է բոլորիս ձեռնարկած ջանքերով, ցանկությամբ, նվիրվածության աստիճանով և որդեգրած սկզբունքներով: Սխալը, իհարկե, ներելի է, սակայն անբարո և անսկզբունք մոտեցումը՝ ոչ, երբե՛ք: Ինչպես ասել է մեր մեծերից մեկը՝ յուրաքանչյուր ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ուժի մղումով:

Անցած տարիների ընթացքում ես մշտապես եղել եմ ձեր կողքին: Մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհի ընթացքում մենք ունեցել ենք հրճվանքի և ափսոսանքի պահեր: Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է: Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին և ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու: Բայց հասկանալի է, որ առաջին պատասխանատուն դուք եք, և ցանկացած օգնություն ու օժանդակություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ մարդը, կոնկրետ պետական պաշտոնյան ձգտում ունի հասնելու, եթե ոչ կատարելության, ապա դրան մոտ աստիճանի: Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած մարդկանց մեծ մասը հենց այդպիսին են և այդպես են մտածում: Անկեղծ եմ ասում, ես վստահում և հավատում եմ ձեզ: Մենք ուղղակի պարտավոր ենք ձեռնարկել քայլեր, որոնք կբարձրացնեն մեր ժողովրդի անվտանգության աստիճանը: Սա՛ է մեր գերագույն խնդիրը:

Շնորհակալ եմ ուշադրության համար: Հիմա պատրաստ եմ պատասխանելու ձեր ցանկացած հարցի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

17:55 22.11.2024

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

17:50 22.11.2024

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

17:46 22.11.2024

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։ Հանդիպման գոլերը խփեցին կամերունցի Մարիուս Նուբիսին, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 2 միավորով վերջին` 11-րդ տեղում է։ ...

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

17:41 22.11.2024

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

17:36 22.11.2024

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...

Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից

17:30 22.11.2024

Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից

Իտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։ Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։ «Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ […] ...

BACK_TO_TOP