Սեպտեմբերի 19-22-ը առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ. ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Սեպտեմբերի 19-22-ը առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ. ՀՀ ՄԻՊ

21:08 22.09.2023

Սեպտեմբերի 19-22-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։ Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը:
Նշված ժամանակահատվածում Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու (ձերբակալման) հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։
Պաշտպանի աջակցությամբ մի շարք դեպքերում ապահովվել է փաստաբանների մուտքը ոստիկանության տարբեր բաժիններ և քննչական մարմիններ՝ անձանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ իրավիճակներում երաշխավորվել է անձանց բժշկական օգնության իրավունքի իրացումը։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Արագ արձագանքման այցերի, ստացված բողոքների ուսումնասիրության, ԶԼՄ-ներում հրապարակումների մշտադիտարկման արդյունքում, ի թիվս այլ համակարգային խնդիրների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Նշված դեպքերի առնչությամբ Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին՝ պատշաճ և համապարփակ քննություն իրանակացնելու պահանջով։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան, իսկ հակառակ պրակտիկայի առկայությունը դատապարտելի և անթույլատրելի է։
Առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ վերջիններս ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Բացի այդ, համակարգային առումով չլուծված է մնում վարչական ձերբակալման ենթարկված անձանց նվազագույն իրավունքների ապահովման խնդիրը։
Այսպես, որոշ դեպքերում բերման ենթարկված (ձերբակալված) անձանց ազատությունից զրկելիս իրենց հասկանալի լեզվով չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները։ Այս համատեքստում առավել մտահոգիչ են այն դեպքերը, երբ անձանց ազատությունից զրկելու պահին չի հստակեցվում՝ արդյոք վերջիններս ձերբակալվել են ենթադրյալ հանցանք, թե վարչական իրավախախտում կատարելու հիմքով։
Համատարած բնույթ են կրում նաև ազատությունից զրկված անձին՝ իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի մասին (զանգի իրավունք) չծանուցելու դեպքերը։ Ընդ որում, մի շարք դեպքերում ոստիկանության բաժիններում վարչական ձերբակալման ենթարկված անձանց պարտադրում են անջատել հեռախոսները, ինչի պայմաններում, պայմանավորված նաև իրենց իրավունքների մասին չծանուցված լինելու հանգամանքով, նրանց համար հստակ չէ իրենց ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի առկայությունը։
Արձանագրված բոլոր դեպքերում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի միջնորդությամբ նշված իրավունքը քաղաքացիների ցանկության դեպքում իրացվել է։
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ հավաքներին մասնակցել են նաև երեխաներ։ Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաների կողմից հավաքների ընթացքում իրենց հայացքներն արտահայտելու իրավունքը պետք է իրացվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճնշման կամ որևէ հարկադրանքի՝ ցուցաբերելով նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն և ապահովելով վերջիններիս անվտանգությունը:
Ավելին, իրավապահ համակարգում երեխաների նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է ցուցաբերվեն զգայուն ու երեխայակենտրոն մոտեցումներ։
Նշված խնդիրները, հարցերի հրատապությունը հաշվի առնելով, բանավոր հաղորդակցության շրջանակներում ներկայացվել են իրավասու մարմիններին՝ դրանց պատշաճ հասցեագրման նպատակով: Խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով վերոնշյալ մարմիններին հասցեագրվելու են նաև գրություններ:
Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։
Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ հավաքների ազատության իրավունքի իրացման առնչությամբ իրականացնելով մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

BACK_TO_TOP