Արցախի նախագահը հրաժարական տվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Արցախի նախագահը հրաժարական տվեց

12:55 31.08.2023

Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց Արցախի նախագահի պաշտոնից: Իր ուղերձում նա նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով: Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցև նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին:
Հավատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար: Թվում էր, թե հետպատերազմյան հոգեճնշող վիճակը և հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը պետք է հաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտա պատասխանատվություն ստանձնելու նաև այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունությունն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրվող հանցավորության աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձությունն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականության սյուները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում հաջողություններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մեջքը, այլև կյանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:
Գուցե հենց նաև դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. հունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:
Արդեն գրեթե ինն ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Արցախի պատանդառված ժողովուրդը ենթարկվում է անթաքույց ցեղասպանության: Այս ընթացքում մենք մեր կարողությունների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները ստեղծված իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկա էր դարձել նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումներ, բազմաթիվ հայտարարություններ ու կոչեր են հնչել հարյուրավոր միջազգային սուբյեկտների կողմից: Սակայն ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը որևէ կերպ չի կանխվել:
Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից:
Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից:
Նախքան այդ, այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար: Նա պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ: Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին:
Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնվող անդամների հետ ապրել Արցախում, առավելապես ընդգրկվելու եմ Արցախի անվտանգության ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանություններին: Իմ այս քայլն ուղղված է նաև Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի:
Խաղաղություն, բարօրություն ու հավերժականություն Արցախ աշխարհին ու հայ ազգին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

BACK_TO_TOP