«S.O.S Սևան» նախաձեռնության անդամներն այսօր ԱԺ շենքի դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Սևանա լճի:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է Սևանից լրացուցիչ 40 մլն խորանարդ մետր ջրառ իրականացնել:
Ակցիայի մասնակիցները բավականին քիչ են եղել: Ավելի ուշ ներկաներից մեկը հայտարարել է, որ Սևանի բնակիչներն ակցիային չեն մասնակցել, փոխարենը վարչապետի հետ հանդիպում են խնդրել, որպեսզի ակցիան սաբոտաժ չդիտարկվի:
Հավաքվածները պնդել են, որ շարունակելու են պայքարել, քանի որ վստահ են, որ Սևանից հավելյալ ջրառ իրականացնելն աղետալի հետևանքներ կունենա: Ըստ նրանց՝ օրենքով սահմանված 170 մլն խմ բացթողումն արդեն իսկ հավելյալ է, քանի որ Սևանի բնական ջրթողը համարվում է 60 մլն խմ-ն: Ակցիան տևել է մոտ 2 ժամ: Բնապահպանները հայտարարել են, որ գնում են մշակելու այս հարցի շուրջ հանրային քննարկում կազմակերպելու պահանջի հիմքերը:
Հիշեցնենք, որ նախօրեին «S.O.S Սևան» նախաձեռնության անդամները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը: