Նա Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ է, 2013 թվականից Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ «Բունդեսթագի» պատգամավոր: Վայլերն ընդգրկված էր կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Պատվիրակությունն այցելեց Թբիլիսի, Երևան, իսկ այսօր առավոտյան մեկնեց Բաքու: Գերմանիայի կանցլերի հարավկովկասյան այցի նախօրեին պաշտոնական Բաքուն արգելեց Ալբերտ Վայլերին՝ մուտք գործել Ադրբեջան, պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության: Վայլերը մնաց Երևանում, իսկ գերմանական պատվիրակությունը Բաքու մեկնեց առանց նրա:
«Այո՛, դա [պաշտոնական Բաքվի որոշումը] անդրադառնալու է գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա, այն միանշանակ իր ազդեցությունն է ունենալու: Եվ եթե հետևել եք՝ գերմանական ԶԼՄ-ների միջոցով արդեն իսկ այդ ազդեցությունը նկատելի է դառնում»,- «Ազատությանն» ասել է գերմանացի պատգամավորը:
Ըստ Վայլերի՝ պարզ չէ, թե նման քայլով Ադրբեջանն ինչ ուղերձ է ցանկանում հղել:
«Այդ մասին պետք է հարցնել Ալիևին: Ալիևը խոչընդոտում է երկխոսությունը՝ արգելելով այն մարդկանց մուտքն Ադրբեջան, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում: Որպեսզի համապարփակ պատկերացում կազմեմ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ես պետք է ծանոթանամ ոչ միայն հայկական տեսակետներին, այլև պետք է այցելեմ Ադրբեջան ու այնտեղ լսեմ մարդկանց տեսակետը, ներկա լինեմ քննարկումներին: Ինձ զրկեցին այդ հնարավորությունից։ Արգելել իմ մուտքն Ադրբեջան այն պատճառով, որ եղել եմ Լեռնային Ղարաբաղում, դա չի բխում ժողովրդավարության սկզբունքներից»,- ասել է նա:
Վայլերի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան:
«[Պաշտոնական Բաքվի այս որոշմանը] Գերմանիայի իշխող ուժի ներսում տարբեր էին արձագանքները: Մասնավորապես, պահպանողականներն ասացին, որ պետք է չեղարկել Անգելա Մերկելի այցն Ադրբեջան: Կային այնպիսիք, ովքեր նշեցին՝ եթե չգնանք Ադրբեջան, կզրկվենք ղարաբաղյան հարցի կարգավորմանը մասնակցություն ունենալու հնարավորությունից, իսկ Գերմանիան աջակցում է այդ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ուստի՝ մենք պետք է գնանք: Խոսեցի նաև կանցլեր Անգելա Մերկելի հետ, ի վերջո որոշեցինք գնալ Բաքու, խոսել, որպեսզի ցույց տանք, որ շահագրգռված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ»,- ասել է Վայլերը:
Անդրադառնալով երեկ Երևանում կայացած հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններին՝ Ալբերտ Վայլերն ասաց, թե գերմանական պատվիրակության կազմում արձագանքը «միայն դրական է»: