ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը՝ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը՝ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

17:01 15.02.2023

Մեկնարկել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը:

Նախագիծն այսօր առցանց ձևաչափով քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում, որում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշակերտական խորհրդի բոլոր հանդիպումներն անցնում են բովանդակալից. կարևորվում են խորհրդի անդամների հնչեցված դիտարկումները, որոնք անպայման քննարկվում են և, ըստ անհրաժեշտության, տեղ գտնում փաստաթղթերում: «Աշակերտական խորհուրդը մեր ամենակարևոր հարթակն է. ձեզ հետ քննարկումները ցույց են տալիս, թե ԿԳՄՍ ոլորտներում ինչպիսի փոփոխությունների կարիք կա: Ուրախ եմ, որ 6-ամյա ընդմիջումից հետո ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որում նախանշված են բավականին հավակնոտ թիրախներ: Գործողությունների ծրագիրը ներկայացնում է այդ թիրախներին հասնելու միջոցառումների պլանը, և կարևոր է լսել ձեր դիտարկումները՝ արդյոք բոլոր անհրաժեշտ քայլերն են ներառված այդ պլանում, և ինչպես դրանք դարձնել առավել թիրախային՝ արդյունքային ցուցանիշների մասով»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին մշտապես շահագրգիռ և արդյունավետ քննարկումներ ունենալու համար:

Հանրակրթության և նախնական ու միջին մասնագիտական կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա փաստել է՝ նախագծով մինչև 2030 թվականը կրթության բոլոր մակարդակների համար նախատեսվող գործողություններն իրականացվելու են փոխկապակցված՝ հետևյալ երեք ռազմավարական ուղղություններով. համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների միջազգայնացում:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում սահմանված նպատակներին՝ Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ նախանշվել է բավականին հավակնոտ թիրախ՝ մինչև 2026 թվականը 5-6 տարեկան երեխաների խմբերի համար ունենալ նախադպրոցական ծառայությունների ծածկույթի 95 տոկոս ապահովում: Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև ընդլայնել նախադպրոցական հաստատությունների ցանկը՝ ներդնելով այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ: «Նախադպրոցական կրթության բովանդակության և որակի բարելավման տեսանկյունից մինչև 2026 թվականը նախատեսում ենք բոլոր հաստատություններում ներդնել նախադպրոցական նոր չափորոշիչները, որի արդյունքում սահուն անցում կկատարվի դեպի դպրոցական կրթություն: Կներդրվեն նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացմանն ու հզորացմանն ուղղված խրախուսման մեխանիզմներ»,- նշել է փոխնախարարը:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է դպրոցներում անվտանգ, հագեցած և արդիական միջավայրի կարևորությունը՝ շեշտելով «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագիրը: Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է հանրապետության բոլոր դպրոցներում ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաների ստեղծման կարևորությունը: Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը, որն ապահովելու է որակապես նոր կրթություն և սովորողի ակտիվ դերակատարում: Փոխնախարարն անդրադարձել է նաև ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման և խրախուսման մեխանիզմների ներդրմանը՝ կամավոր ատեստավորում և տարակարգ: Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է գյուղական փոքր համայնքներում ուսուցիչների պակասի, որոշ համայնքներում սովորողների և ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, էլեկտրոնային շտեմարանների, հեռավար դասավանդման և այլ հարցեր:

Անդրադառնալով արտադպրոցական կրթությանը՝ նախարարի տեղակալը կարևորել է, որ բացի դպրոցական կրթությունից՝ սովորողները մասնակցեն նաև արտադպրոցական միջոցառումների, հաճախեն արվեստի կենտրոններ և մարզադպրոցներ: Նա ներկայացրել է այդ դպրոցների մանկավարժական աշխատողների խրախուսման և վարձատրության բարձրացման մեխանիզմների ներդրման հարցը:

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների քարտեզագրման, տնտեսության համար առաջնահերթ համարվող մասնագիտությունների վերհանման, հանրապետական նշանակության հաստատությունների ստեղծման հարցերը: Նա կարևորել է նաև հաստատությունների շենքային պայմանների բարելավման, որակյալ կադրերի ներգրավման, աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման և այլ խնդիրներ:

Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ծրագրում որպես վերջնական արդյունք սահմանվել է, որ առնվազն չորս բուհ ընդգրկված է լինելու միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, որին հասնելու համար անհրաժեշտ կլինի իրականացնել ենթակառուցվածքների բարելավում՝ այն զուգակցելով բովանդակային փոփոխություններով: Նա ներկայացրել է Որակավորումների ազգային շրջանակի, առանձին ոլորտային շրջանակների և դրանց արդյունքում՝ կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ նախատեսվող քայլերը, ինչպես նաև բուհերում հետազոտական բաղադրիչի և լաբորատորիաների առկայության հարցերը: Անդրադառնալով ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին՝ նա նշել է, որ դրա վերջնանպատակը սովորողների և դասախոսների համար ուսումնական որակյալ և լիարժեք միջավայրի ստեղծումն է, որտեղ մեկտեղված են լինելու հարմարավետ միջավայրը, հանրակացարանային կոմպլեքսը, գրաթվային գրադարանները, սպորտային համալիրները և այլն: Վարչության պետը ներկայացրել է նաև բուհերի խոշորացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը՝ որտեղ որպես վերջնական թիրախ սահմանված է, որ կստեղծվի 100% պետական ֆինանսավորմամբ մինչև ութ բուհ:

Աշակերտներին ներկայացվել են նաև բարձր որակավորում ունեցող դասախոսների, բուհերի ֆինանսավորման բանաձևի փոփոխության, մրցակցային հետազոտական ծրագրերի և արդյունավետության ցուցանիշների վրա հիմնված բուհերի լրացուցիչ ֆինանսավորման, սովորողների ուսման վճարի, ինչպես նաև ակադեմիական տարկետման հետ կապված նախատեսվող փոփոխությունները:

Զեկուցումներից հետո աշակերտները մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ընդունելության քննությունները տարվա ընթացքում երկու անգամ կազմակերպելու նոր կարգին, օլիմպիադաների կազմակերպմանը, ակադեմիական քաղաքի նախագծին, ընդունելության մեխանիզմներին և շտեմարանների բովանդակությանը, կրեդիտային համակարգին և այլն:

Նիստի ավարտին նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ հորդորելով այսուհետ ևս ակտիվ լինել կրթության ոլորտի բարեփոխումներին առնչվող գործընթացներում: Քանի որ այս կազմով աշակերտական խորհուրդը գումարել է իր վերջին նիստը՝ նախարարի տեղակալը ներկաներին մաղթել է հետագա հաջողություններ կրթության այլ մակարդակներում՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով նախորդ երկու տարիների համագործակցության համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

13:11 29.04.2025

Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 𝟐ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության […] ...

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

13:07 29.04.2025

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:56 29.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

12:40 29.04.2025

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

12:35 29.04.2025

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ

12:32 29.04.2025

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ․ «Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական […] ...

BACK_TO_TOP