Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան

20:10 18.08.2018

ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Զուտ սահմանադրական վերլուծություն» խորագրով վերլուծական է գրել, որտեղ անդրադառնում է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին: Ilur.am-ում հրապարակված հոդվածում Ջհանգիրյանը նշում է.

«Ներկայումս ՀՀ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը մասնագիտական (իրավական), հասարակական ու քաղաքական հարթակներում առավել հաճախ ու բուռն քննարկվող թեմաներից է։ Սահմանադրաիրավական այդ ինստիտուիտի բովանդակության բացահայտումն ու սահմանների ուրվագծումը հրատապ անհրաժեշտություն է դարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանին կալանքից՝ նրա «անձեռմխելիության խախտման» հիմքով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի ազատման որոշումից հետո։

Որքան էլ կարևոր է ՀՀ նախագահի անձեռմխելիության Սահմանադրական ինստիտուտի տեսական-ակադեմիական ուսումնասիրությունն ու վերլուծությունը, այնուամենայնիվ, խնդրով հետաքրքրված են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ, ինչը մեզ պարտադրում է նյութը մատուցել յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ ու հասկանալի լեզվով, առանց գիտական ու խրթին դատողությունների։

Նախ՝ ինչու են սահմանադրությունները պարունակում նախագահի անձեռմխելիության նորմեր։ Դրանք հո նախագահների կողմից հանցանքներ գործելու թույլտվություն, ինդուլգենցիաներ չե՞ն։ Իհարկե ոչ։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ Հանրապետության Նախագահի անձեռմխելիության նորմ նախատեսելը (այն նույնությամբ վերարտադրված է նաև 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության տեքստում ) նպատակ ունի ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի Հանրապետության նախագահը հնարավորություն ունենա առանց արգելքների ու խոչընդոտների, անկաշկանդ իրականացնելու ՀՀ Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթներն ու լիազորությունները։

ՀՀ Սահմանադրության (այսուհետ՝ 2005թ․ խմբագրությամբ ) հոդված 56.1-ը սահմանում է․

«Հանրապետության նախագահը անձեռմխելի է։

Հանրապետության նախագահը իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության կանչվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»։

Այս հղումից ակնհայտ է, որ մեր պարագայում խնդրի պարզաբանման բանալին թաքնված է «կարգավիճակից բխող գործողություններ» եզրի վերծանման մեջ։ (Նշենք, որ «կարգավիճակ» բառը սահմանադրաիրավական տերմին չէ և առաջին անգամ օգտագործվում է 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության մեջ)։

Նախագահի «կարգավիճակ» ասելով՝ պետք է հասկանալ Նախագահի՝ որպես պետության գլխի, բարձրագույն պաշտոնատար անձի տեղը սահմանադրական մարմինների համակարգում և նրա իրավասության (իրավունքների ու պարտականությունների) ամբողջականությունը, որը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ։

Այսպես, ՀՀ Սահմանադրության հոդված 49-ը սահմանում է․

«Հանրապետության նախագահը հետևում է ՀՀ Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնական գործունեությունը։

Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»։

Հռչակված այս դիրքին հարիր՝ ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին օժտում է լայն լիազորություններով (հոդված 55), դրանց իրականացման համար անհրաժեշտ պետաիշխանական լիազորություններով, հետկանչի (իմպիչմենտի) բարդացված երաշխիքով (հոդված 57), նաև լայն անձեռմխելիության իմունիտետով (հոդված 56.1)։

«Կարգավիճակից բխող գործողությունների» տակ պետք է հասկանալ Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների իրականացում, և ոչ ավելի։

Ի թիվս այլ սահմանադրական մարմինների՝ ՀՀ Սահմանադրությունը սահմանում է նաև Հանրապետության Նախագահի լիազորությունների և դրանց գործադրման, իրականացման կանոնները։

Այսպես․

Հոդված 5․ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով»։

Տեղին է նկատել, որ սահմանադրական բոլոր մարմինների (օրինակ՝ դատախազություն, Արդարադատության խորհուրդ, Սահմանադրական դատարան և այլն) լիազորությունները Սահմանադրությամբ սպառիչ թվարկված են։ Այդպես է նաև Հանրապետության Նախագահի լիազորությունների պարագայում։

Հանրապետության Նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Սահմանադրությամբ, և դրանց թվարկումը հոդված 55-ում սպառիչ է ու վերջնական։ Մի հավելում ևս․ Սահմանադրության որևէ այլ հոդված, նորմ (բացի հոդված 55-ից) Նախագահի համար որևէ այլ լիազորություն չի նախատեսում։ Լիազորությունների նման սպառիչ թվարկումը Սահմանադրությամբ նշանակում է, որ Հանրապետության Նախագահին (նաև այլ սահմանադրական մարմիններին) օրենքով չի կարող տրվել որևէ այլ լրացուցիչ լիազորություն (էլ չենք խոսում ենթաօրենսդրական ակտերի մասին)։ Հակառակ պարագայում կխախտվեր Սահմանադրության հոդված 5-ով նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը։

Կարծեմ՝ հիմա անվիճելի է, որ որպես «կարգավիճակից բխող գործողություններ» պետք է դիտարկել ՀՀ Սահմանադրության պահանջների պահպանմամբ, բացառապես հոդված 55-ով նախատեսված՝ Հանրապետության Նախագահի լիազորությունների իրականացումը։

Այդ դեպքում ՀՀ նախագահը, թե՛ պաշտոնավարման ընթացքում և թե՛ դրանից հետո, օգտվում է ամբողջական անձեռմխելիության իրավունքից։

Այժմ եկեք քննարկենք՝ ներքաղաքական իրավիճակներին զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավումը Հանրապետության նախագահի կարգավիճակից բխո՞ղ գործողություն է, թե՞ ոչ։

Եթե այո, ապա Հանրապետության նախագահը օգտվում է Սահմանադրության հոդված 56.1-ով նախատեսված անձեռմխելիությունից և ոչ միայն չի կարող անազատության մեջ պահվել, այլև քրեական վարույթով ներգրավվել որպես մեղադրյալ։

Եթե ոչ, ապա նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու առաջին ատյանի դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելը լիովին սահմանադրական ու օրինական են։

Անդրադառնանք նորից մեր մայր օրենքին։ Սահմանադրության հոդված 8.2-ի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

ՀՀ երկրորդ Նախագահը մեղադրվում է Սահմանադրության խախտմամբ ՀՀ զինված ուժերը 2008թ․ հետընտրական գործընթացներում ներգրավելու, քրեաիրավական լեզվով ասած՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Նախ, ՀՀ պաշտպանության նախարարը 2008թ․ փետրվարի 23-ի իր հույժ գաղտնի 0038 հրամանը ընդունել է «ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականի» ձևակերպմամբ։

Երկրորդ, ՀՀ երկրորդ Նախագահը 2008թ․ մարտի 1-ին ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը, որով սահմանված միջոցառումների իրականացմանը ներգրավվել է նաև Պաշտպանության նախարարությունը (այսինքն՝ ՀՀ զինված ուժերը)։ Այս էպիզոդը դեռ մեղադրանքի որոշման մեջ ընդգրկված չէ։

Ա․ ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.08թ․ 0038 հույժ գաղտնի հրամանը նախ դիտարկենք ձևական, իրավական տեսանկյունից։

ՀՀ Սահմանադրության հոդված 6-ի համաձայն՝ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն։

Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։

Նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումը ապահովելու նպատակով»։

Պաշտպանության նախարարի՝ վերը նշված հրամանը նորմատիվ իրավական ակտ է, ուստի պետք է բավարարի Սահմանադրության հոդված 6-ի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներին։ Բայց արի ու տես, որ նրանում հղում չկա ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ որևէ օրենքի վրա։

Ինչո՞ւ, գուցե հրամանի հեղինակներն ու նախագիծը պատրաստող տասնյակ պատասխանատուներ մոռացել կամ վրիպե՞լ են։ Իհարկե ոչ։ Նորմատիվ բնույթի հրամանները ընդունվելուց հետո պարտադիր կոդիֆիկացվում են մասնագետ-իրավաբանների կողմից։

Խնդիրն այն է, որ ո՛չ մեր Սահմանադրությունը, ո՛չ Պաշտպանության մասին օրենքը, ո՛չ զինվորական կանոնագրքերն ու կանոնադրությունները (որոնք հաստատվում են օրենքով) և ո՛չ էլ որևէ այլ օրենք, չեն պարունակում որևէ նորմ ու դրույթ, որ հրամանի հեղինակները կարող էին վկայակոչել ակտի նախաբանում։

Այստեղից, Պաշտպանության նախարարի 0038 հրամանը նույնիսկ ձևական, իրավական առումով հակասում է ՀՀ Սահմանադրության հոդված 6-ին։

Բ․ ՀՀ Պաշտպանության նախարարի 23.02.08թ 0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակային դիտարկումը սահմանադրականության տեսանկյունից չի դիմանում որևէ քննադատության։

Ի լրումն հիշատակված հրամանի՝ մամուլում հրապարակված որոշ դրույթների, ՀՔԾ պետի՝ հանրային հեռուստատեսության եթերում հրամանի գաղտնազերծած 3-րդ կետի բովանդակությունը ուղղակիորեն ապացուցում է, որ 0038 հրամանը որևէ աղերս չունի սահմանային զորամասերը ամրապնդելու, զինված ուժերը քաղաքական գործընթացներից հեռու պահելու պնդումների հետ՝ մեկ պարզ ու հասկանալի պատճառով․ ըստ այդ հրամանի՝ ամբողջական զորամասերը և բանակային զորամիավորումներից ձևավորվող հավաքական ստորաբաժանումները շարժվում են ոչ թե սահմանային գոտի ու առաջնագիծ, այլ հակառակը՝ սահմաններից դեպի կենտրոն, դեպի Երևան։

Իսկ այն, որ մինչ մարտի 1-ի «Արտակարգ դրության հայտարարելու մասին» ՀՀ երկրորդ Նախագահի հրամանագրի ընդունումը, զինվորական ստորաբաժանումների ու զինտեխնիկայի, բանակի ավտոտրանսպորտի ներկայությունն արձանագրվել են Երևանի կենտրոնական փողոցներում ու հրապարակներում, ապացույցները անհերքելի ու բազմաթիվ են։

Ամփոփենք։ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ դերևս 23.02.08թ․ Պաշտպանության նախարարի 0038 հույժ գաղտնի հրամանով ՀՀ զինաված ուժերը, ի խախտումն ՀՀ Սահմանադրության հոդված 8.2-ի, ներգրավվել են ներքաղաքական իրադարձություններին։

Գ․ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի 01.03.08թ․ հրամանագրի սահմանադրականության խնդրին անդրադառնանք կրկին նույն տրամաբանությամբ, նախ՝ դիտարկենք հրամանագրի ֆորմալ (իրավաբանական), ձևական համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրությանը, այնուհետև խնդիրը քննարկենք բովանդակային համապատասխանության տեսանկյունից։

ՀՀ Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» գլխի հոդված 117-ի կետ 6-ի համաձայն՝ «մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումը օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին»։

Այսինքն՝ մեջբերված սահմանադրական նորմը ՀՀ նախագահին լիազորում է, մինչև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունումը, արտակարգ դրության ընթացքում իրականացվող միջոցառումները սահմանել իր հրամանագրով (ժամանակավորապես պահպանվում է 1995թ․ խմբագրությամբ Սահմանադրության հոդված 55-ի կետ 14-ի սահմանած կարգը)։

Ուշագրավ մի լրացում։ Նույն հոդված 117-ի կետ 1-ի համաձայն՝ «Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին»։ Այլ խոսքով, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունման համար Սահմանադրությունը Ազգային ժողովին տալիս է երկու տարի ժամանակ։ Ինչը քննարկվող պարագայում Ազգային ժողովը չի կատարել։

Հետևաբար, առանց այդ օրենքի ընդունման Հանրապետության նախագահը Սահմանադրության հոդված 117-ի կետ 1-ի և 6-ի համաձայն՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր կարող էր ընդունել մինչև 2007թ․ նոյեմբերի 27-ը (այդ օրը լրանում էր Սահմանադրության ընդունման երկու տարին)։ Այդ ժամկետից հետո Սահմանադրության հոդված 117-ի կետ 1-ի և կետ 6-ի ուժով Նախագահը զրկված էր նման հրամանագիր ընդունելու լիազորությունից, ինչն անվիճելի է։

Քանի որ Սահմանադրության հոդված 49-ի մաս 2-ի համաձայն՝ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, ուստի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի չընդունման համար նա Ազգային ժողովի հետ հավասար, եթե ոչ ավելի պատասխանատվություն է կրում։

Դ․ Այժմ 01.03.08թ․ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի՝ իրավական, ձևական առումով արդեն իսկ հակասահմանադրական հրամանագիրը դիտարկենք բովանդակային՝ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի ներգրավման սահմանադրականության տեսանկյունից։

Որպեսզի ստորև արտահայտվող դատողությունների շղթան չխախտվի, վերադառնանք ՀՀ Սահմանադրության հոդված 8.2-ը․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահապանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Այստեղից ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ զինված ուժերը դիտարկում է Հայաստանի Հանրապետությանը բացառապես արտաքին վտանգից ու հարձակումից պաշտպանող զինական, ռազմական կառույց։

Ահա թե ինչու Սահմանադրությունը որոշակի դեպքերում, իրավիճակներում ՀՀ նախագահին է՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, լիազորում որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին։

Եկեք պարզենք, որ դեպքերն են դրանք։

Դրանք սպառիչ թվարկված են Սահամանադրության հոդված 55-ի կետ 13-ում․ «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն․․․ և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»։

Բացի վկայակոչված այս երեք դեպքերից, ՀՀ Սահմանադրությունը որևէ այլ հոդված ու նորմ չի պարունակում, որտեղ խոսք կարող է լինել ՀՀ զինված ուժերի օգտագործման մասին։ Ընդ որում՝ զինված ուժերի օգտագործման համար (ըստ հոդված 55-ի կետ 13-ի) այդ դեպքերում անհրաժեշտ պայման է ռազմական դրության հայտարարումը, այնուհետև միայն զինված ուժերի օգտագործման որոշման ընդունումը։

Այսինքն՝ Սահմանադրության հոդված 55-ի կետ 13-ով չնախատեսված որևէ այլ դեպքում կամ իրավիճակում Սահմանադրությունը ՀՀ նախագահին ոչ միայն չի լիազորում, այլև արգելում է որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, քանի որ նույն Սահմանադրության հոդված 5-ի մաս 2-ի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ (մեր դեպքում՝ միայն Սահմանադրությամբ) և օրենքներով»։

Ամփոփենք․ 01.03.08թ․ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրով ՀՀ երկրորդ Նախագահը խախտել է ՀՀ Սահմանադրության հոդվածներ 5-ը, 6-ը, 8.2-ը, 55-ի կետ 13-ը, դուրս է եկել հոդված 55-ի կետ 14-ով իրեն վերապահված լիազորություների սահմաններից՝ Արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ներգրավել է Պաշտպանության նախարարությանը, փաստացի որոշում է ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, ինչով վերացրել է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6 հոդվածի մաս 1-ով նախատեսված նորմերը, այսինքն տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

09:39 27.11.2024

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա, այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»-ասված է գրառման […] ...

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

09:35 27.11.2024

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին լրացուցիչ ռազմական օգնության և ամերիկյան զենքի պաշարների համալրման համար։ Այս մասին հայտնել է Politico-ն։ Կոնգրեսում իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ օրենսդիրները հարցումը ստացել են նոյեմբերի 25-ին։ Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ 16 միլիարդ դոլար կհատկացվի այն զենքի «ամերիկյան պաշարները համալրելու» համար, որոնք նախկինում ուղարկվել […] ...

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

09:30 27.11.2024

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համատեղ ծովային անվտանգությունը։ Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան և նրա ֆիլիպինցի գործընկեր Էնրիկե Մանալոն Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին Տոկիոյում՝ առաջին եռակողմ բանակցությունները նման ձևաչափով։ «Մենք կցանկանայինք սերտորեն համագործակցել Ֆիլիպինների հետ, որոնց […] ...

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

09:20 27.11.2024

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

Մեծ Բրիտանիան ողջունում է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը և հույս ունի հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ «Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև վաղուց ուշացած զինադադարը թեթևացում կլինի Լիբանանի և հյուսիսային Իսրայելի խաղաղ բնակչության համար, որոնք վերջին ամիսներին կրել են ավերիչ հակամարտության և արյունահեղության աներևակայելի հետևանքները: Այս […] ...

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

09:10 27.11.2024

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Հետաքրքիր է ինչ […] ...

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

09:05 27.11.2024

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 8։50-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։ Չարենցավանի […] ...

BACK_TO_TOP