Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երևան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված պաշտոնատար անձը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 1 մլն 200 հազար ՀՀ դրամ տուգանքի դատապարտված Մ.Ք.-ից՝ պատժի կրումից ազատելու նախապայմաններ ստեղծելու համար, պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով` 400.000 ՀՀ դրամ:
Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: