Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Այս մասին TASS-ի հաղորդմամբ նա գրել է Twitter-ում։
«Մենք առաջիկայում էլ ռուսական գազի դիմաց ռուբլով չենք վճարի։ Մենք ձեռնարկում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի էներգակիրների մատակարարման հարցում Ռուսաստանից անկախանանք»,- ասել է Լինդները։
Ապրիլի 26-ին «Գազպրոմ» ընկերությունը Լեհաստանի և Բուլղարիայի ներմուծող ընկերություններին հայտնել էր, որ ապրիլի 27-ից դադարեցնում է մատակարարումները գազի դիմաց ռուսական ռուբլով վճարումներ կատարելուց հրաժարվելու պատճառով։
Գերմանիայի իշխանությունները այս որոշման վերաբերյալ անհանգստություն էին հայտնել և չէին բացառել, որ հնարավոր է մատակարարումները գերմանիա նույնպես դադարեցվեն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր , համաձայն որի ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարման դիմաց վճարումների կարգը փոխվել է , այսպես կոչված, ոչ բարեկամ երկրների համար: Այդ երկները պետք է արտարժույթով վճարումներ կատարեն «Գազպրոմբանկ»-ին, որն իր հերթին այդ գումարով բորսայում պետք է ռուբլի գնի և փոխանցի արտահանող կազմնակերպություններին։ Ռուսաստանը պարտավորվում է գազի մատակարարումները կատարել այն արժեքով և ծավալներով, որոնք ամրագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերով։