18:28 24.02.2022
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը, որը վարել են կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանն ընդգծել է, որ արժեքային, գաղափարական, մշակութային նմանությունները մեծապես նպաստում են կողմերի միջև հարաբերությունների զարգացման արագ դինամիկային: Անդրադարձ է եղել խորհրդարանական դիվանագիտության դերին:
Արման Եղոյանի խոսքերով՝ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մեծ ուշադրություն է հատկացվում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերին, որոնք անկյունաքարային տեղ են զբաղեցնում արևմտյան քաղաքակրթական արժեհամակարգում: Նա հավելել է, որ բարեփոխումների գործընթացին նպաստում է 2021թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր նշանակություն ունի Հայաստանի օրենսդրական դաշտի արդիականացման համար:
Խոսելով վերջին երկու տարիներին մարդկությանը պատուհասած մարտահրավերների մասին՝ հայկական կողմի համանախագահն ընդգծել է հատկապես COVID-19 համավարակի հաղթահարման հարցում Եվրոպական միության աջակցության կարևորությունը մեր երկրին: Արման Եղոյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ համավարակի ընթացքում խախտվեց ուժի չկիրառման սկզբունքը. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կողմից ենթարկվեց հարձակման:
«Կործանարար պատերազմը հազարավոր զոհերի պատճառ դարձավ, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, շատ գերեվարվածներ պատերազմից 15 ամիս անց դեռ տուն չեն վերադարձել: Տարիներ շարունակ հայկական կողմը խոսել է միջազգային դերակատարների կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելու մասին, ինչը տարածաշրջանային անվտանգության և կայունության ձևավորման վրա ազդող գործոն է: Եվրոպական խորհրդարանում ծավալված քննարկումները, ընդունված բանաձևերը վերահաստատում են, որ Եվրոպան Հայաստանի հետ կիսում է նույն համոզմունքները»,- ասել է պատգամավորը:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը:
Բացման խոսքում Մարինա Կալյուրանդը նշել է, որ Հայաստանը և ԵՄ-ն աշխատում են մի շարք ռազմավարական ոլորտներում բարեփոխումների շուրջ՝ նշելով. «Մեր ընդհանուր նպատակն է ունենալ անվտանգ, ժողովրդավար և բարգավաճ Հայաստան»: Նա նշել է, որ ԵՄ-ն սատարում է Հայաստանին բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման և ժողովրդավարության զարգացման գործընթացում:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ համանախագահը նշել է, որ այն դեռևս լուծված չէ, ինչը միակողմանիորեն պնդում է Ադրբեջանը: Ըստ նրա՝ պատերազմը խնդրի լուծում չէ. համապարփակ համաձայնություն պետք է լինի, բանակցություններ պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ: Հյուրի համոզմամբ՝ խնդրի երկարաժամկետ լուծումն ու նպատակը պետք է լինի խաղաղությունը:
Պատվիրակը կարևորել է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումը, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, անդրադարձել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Մարինա Կալյուրանդը խոսել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին: Նրա խոսքերով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և այլ անձինք պետք է ազատ արձակվեն, ու քանի դեռ խնդիրը չի լուծվել, ինքը շարունակելու է բարձրաձայնել այդ հարցը:
«ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկում. ԵՄ աջակցությունը Հայաստանին» թեմայի շուրջ ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Օրակարգային հարցի շրջանակում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսլականին, մեր երկրում իրականացվող բարեփոխումների շրջանակին է անդրադարձել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Այնուհետև քննարկվել են մեր երկրում ընթացող քաղաքական զարգացումներին և բարեփոխումներին վերաբերող հարցեր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Տաթևիկ Գասպարյանը, «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանն ու Արամ Վարդևանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խոսել են ինչպես իրականացված բարեփոխումների, այնպես էլ մի շարք ոլորտներում առկա բացթողումների մասին:
Քննարկվել են ծանր վիրավորանքի և ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմներին, խոսքի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է, իհարկե, դեռևս կան բացթողումներ, որոնք պետք է շտկվեն: Նա հատկապես անդրադարձել է արդարադատության և դատական համակարգերում բարելավումների անհրաժեշտությանը, սահմանադրական բարեփոխումների իրականացմանը:
Օրակարգային թեմաներից է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և տարածաշրջանային անվտանգային զարգացումներին վերաբերող հարցը: Պատգամավորներն անդրադարձել են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնահարցերին: Կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձը, ինչը եռակողմ հայտարարության դրույթների խախտում է: Ընդգծվել է միջազգային հանրության հասցեական գնահատականն Ադրբեջանի գործողություններին, խոսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական արժեքների պահպանության առաջնահերթության մասին: Այս համատեքստում ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը:
Կոմիտեի հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարի:
Նիստի ավարտին ընդունվել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի ու Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...