Նոր չափորոշիչ, արժեքների պահպանություն, սպորտային նվաճումներ. Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Նոր չափորոշիչ, արժեքների պահպանություն, սպորտային նվաճումներ. Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին

17:06 28.12.2021

Ոլորտային փոխնախարարների հաշվետու մամուլի ասուլիսներից հետո այսօր 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ասուլիսի սկզբում Վահրամ Դումանյանը լրագրողներին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին, որը ԿԳՄՍՆ՝ մշակույթի գծով երկրորդ փոխնախարարն է և համակարգելու է պատմամշակութային ժառանգության և թանգարանների ոլորտը:

Հանրակրթության կարևոր ձեռքբերումը նոր չափորոշչի փորձարկումն էր

2021 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացված ամենակարևոր աշխատանքներից նախարար Վահրամ Դումանյանն առանձնացրել է հանրակրթության ոլորտում տեղի ունեցած բարեփոխման գործընթացները` Հանրակրթության նոր չափորոշչի ընդունումն ու փորձարկումը Տավուշի մարզի դպրոցներում, «Հանրակրթության մասին» նոր օրենքի նախագծի մշակումը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ինչպես նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի փորձարկումը, որը հնարավորություն է տալիս բարձրացնելու ուսուցիչների աշխատավարձը` այն փոխկապակցելով մասնագիտական կատարելագործման հետ:

Հաջողվեց խուսափել բուհական համակարգի ճգնաժամից

Վահրամ Դումանյանի գնահատմամբ` բարձրագույն կրթության ոլորտում կարևորագույն ձեռքբերումը բուհական համակարգում առաջացած ճգնաժամի հաղթահարումն էր:

«Մենք հայտնվել էինք մի վիճակում, երբ պետական բուհերն արդեն երկար ժամանակ չունեին կառավարման մարմիններ, որովհետև հոգաբարձուների խորհուրդները ձևավորված չէին, և կար վտանգ, որ բուհերի բնականոն գործունեությունը կարող է խաթարվել: Այդ խնդիրը հատկապես շատ սուր էր արտահայտված ԵՊՀ-ում: Մեզ հաջողվեց գործող օրենսդրության շրջանակում ընդունել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ, որը բավականին բարդ աշխատանքային գործընթաց էր: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց այս խնդիրը լուծել. բոլոր պետական բուհերում այսօր արդեն ձևավորված են խորհուրդներ, և բուհերն այսօր կարողանում են բնականոն աշխատել` կատարելով իրենց վերապահված գործառույթները»,- նշել է նախարարը:

Գիտության ֆինանսավորումն ավելացել է 85 տոկոսով

Վահրամ Դումանյանը լրջագույն և աննախադեպ է որակել գիտության ոլորտում արված փոփոխությունները` ընդգծելով, որ գիտության բյուջեն ավելացվել է շուրջ 85 տոկոսով. «Մեր այն գիտնականների աշխատավարձերը, որոնք արդյունավետ են աշխատում, գիտական արդյունք են ստանում, մինչև երեք անգամ կարող են բարձրանալ. Գիտության կոմիտեն մշակել է այդ մոտեցումները: Մեր գիտնականները պետք է մոտիվացվեն այդ ֆինանսավորման միջոցով, որպեսզի գիտական կոլեկտիվները նվիրված զբաղվեն գիտությամբ»:

Օրինակ՝ առաջատար գիտաշխատողը 2022 թվականին կստանա շուրջ 250 000, 2025-ին՝ 444 000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ գիտական ստորաբաժանման ղեկավարը՝ 2022-ին՝ 350 000, 2025-ին՝ շուրջ 477 000 ՀՀ դրամ աշխատավարձ:

«Հորիզոն Եվրոպա» ծրագիր և հայագիտության աջակցություն

Միջազգային համագործակցության և սփյուռքի ոլորտի աշխատանքներից Վահրամ Դումանյանը կարևորել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության համաձայնագրի վավերացումը: Նա նաև նշել է, որ օտարերկրյա համալսարաններում հայոց լեզվի դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման, ինչպես նաև հայագիտության զարգացմանը միտված ծրագիրն այժմ իրականացվում է 9 երկրի 11 համալսարաններում: Նշված հայագիտական կենտրոնները ստանում են աջակցություն ՀՀ պետական բյուջեից:

Մշակույթի ոլորտում կարևոր է մշակութային արժեքների պահպանությունը

Մշակույթի ոլորտում նախարար Դումանյանը կարևորել է պատմամշակութային արժեքների պահպանությունը: 2021 թվականին տրվել են պեղումների ավելի քան 50 թույլտվություններ, այդ թվում՝ Արտաշատ և Դվին պատմական մայրաքաղաքների, Սանահինի, Բարձրաքաշի, Սրվեղի վանքի, Դաշտադեմի ամրոցի, Տավուշի բերդի ամրակայման համար անհրաժեշտ հատվածների փրկարարական պեղումների թույլտվություններ։

Նրա խոսքերով՝ կառավարության որոշմամբ ստեղծվել են «Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, կառավարությունը 168 մլն դրամ գումար է հատկացրել Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի բեմի արդիականացման և տեխնիկական հագեցվածության համար:

Կրթամշակութային ծրագրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են մի շարք կրթամշակութային ծրագրեր՝ «Դասարան+Դասական», «Քո արվեստը՝ դպրոցում», Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների փոխգործակցության՝ «Քույր դպրոցներ» կրթական նպատակային, «Զարդագիր», տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային, «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրերը, «Արվեստասերունդ» նախագիծը:

Մեդալներ, նոր մարզադպրոցի կառուցում. սպորտի ձեռքբերումները

Սպորտի ոլորտի կարևոր ձեռքբերումն օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ մեր հավաքականների անդամների նվաճումներն էին. 2021 թվականին ՀՀ մարզիկները հիշյալ մրցաշարերում ստացել են 199 մեդալ, որից 55-ը՝ ոսկե, 57-ը՝ արծաթե, 87-ը՝ բրոնզե:

Վահրամ Դումանյանն առանձնացրել է նաև Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որը լինելու է աննախադեպ կառույց` ժամանակակից մարզագույքով և պայմաններով հագեցած: Սկսվել են Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները: Ըստ նախարարի` 2021 թվականին շեշտակի ավելացումներ են արվել կառավարության կողմից՝ մարզիկների նպաստների և աշխատավարձերի համար: Նախկին 157 մլն դրամի փոխարեն կառավարությունը 2021 թվականին այդ նպատակով հատկացրել է 652 մլն դրամ:

Խնդիրներ, որոնք լուծում են պահանջում

Անդրադառնալով հարցին, թե ԿԳՄՍ նախարարությանն ինչ չի հաջողվում անել, Վահրամ Դումանյանը հումորով նկատել է. «Մեզ չի հաջողվում ավելացնել ժամանակը, որպեսզի ավելի շատ կարողանանք աշխատել ոլորտների բազմապիսի խնդիրների կարգավորման ուղղությամբ: Նախարարությունը ամբողջ թիմով աշխատում է մեծ նվիրումով: Պարզապես պետական համակարգն ունի որոշակի կանոնակարգեր, որոնք ֆորմալ առումով ժամանակ են պահանջում, և այդ պատճառով խնդիրների լուծումները չեն ստացվում այն արագությամբ, ինչը կուզեինք»:

Դեռևս չի հաջողվել, սակայն առաջիկայում կարևոր անելիքների շարքում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության գրավչության բարձրացումը:

«Տնտեսության համար շատ կարևոր է արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը, որը պետք է առաջնային պահանջարկ ունեցող պրակտիկ և մրցունակ մասնագետներ ապահովի աշխատաշուկային: Այստեղ պետք է որոշակի նոր մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ոլորտը երիտասարդների համար դառնա հրապուրիչ»,- նշել է Վահրամ Դումանյանը` ավելացնելով, որ այս ուղղությամբ 2022 թվականին աշխատանքներ են նախանշվում:

Միասնական քննությունների առաջարկը ներկայացրել են բուհերը

Անդրադառնալով լրագրողի՝ մասնավորապես որոշ մասնագիտությունների համար հայերենը կամընտրական միասնական քննություն դարձնելու վերաբերյալ հարցին` նախարարը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է պահանջ, որ դիմորդները բուհ ընդունվելու համար պետք է հանձնեն երկու միասնական քննություն, նաև խնդիր է դրվել, որ նույն մասնագիտությամբ և կրթական ծրագրով կրթություն կազմակերպելու դեպքում մուտքային պահանջները պետք է նույնը լինեն: Բուհերն իրենք են առաջարկել, թե որ մասնագիտության համար ինչ քննություններ պետք է լինեն: Կան մասնագիտություններ, որոնց դեպքում նշվում են կամընտրական առարկաներ, օրինակ՝ հայերեն կամ օտար լեզու, անգլերեն կամ ֆիզիկա: Նախարարի համոզմամբ` բուհերը կարող են ավելի կոնկրետացնել խնդիրը և հստակ ամրագրել, թե որ մասնագիտության համար ինչ քննություն պետք է սահմանվի` բացառելով ընտրելու հնարավորությունը:

Նա նաև ավելացրել, է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո հայերենը կդառնա պարտադիր միասնական քննություն ՀՀ-ում գործող բոլոր բուհերի ցանկացած մասնագիտությամբ դիմորդների համար:

Հարցեր՝ ռեկտորի ընտրության և այլ խնդիրների մասին

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` վերստին շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթները խմբագրվել են: Խմբագրված տարբերակում, ըստ նախարարի, բուհերի կառավարման խորհուրդները պետք է ձևավորվեն բուհական համայնքի (պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության), հիմնադրի, որը պետական բուհերի դեպքում կառավարությունն է, և կրթության լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից հավասար` 50/50 հարաբերակցությամբ: Խորհուրդները կազմված կլինեն 12-ական անդամից: Ռեկտորի ընտրության համար սահմանվում է նոր մեխանիզմ. հիսուն տոկոս գումարած մեկ և ավելի կողմ ձայն ստացած բոլոր թեկնածուներից մեկը կնշանակվի ռեկտոր` լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Խորհրդի անդամներն իրավունք կունենան կողմ քվեարկելու մեկից ավելի թեկնածուների օգտին, սակայն եթե խորհրդի անդամների կողմից հիսուն և ավելի տոկոս ձայն է տրվում միայն մեկ թեկնածուի, ապա հենց նա է ընտրվում ռեկտոր:

Նախարարը պատասխանել է նաև լրագրողների` բուհերի քաղաքականացվածության, ընդունելության քննությունների կազմակերպման նոր մոդելի, մշակույթի ոլորտում նախանշված նոր ծրագրերի վերաբերյալ հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

00:00 29.04.2025

Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարին

Մինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP