18:07 05.11.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի և ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսները ներկայացրել են ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի ամփոփիչ տվյալներն ու բողոքարկման արդյունքները:
Նախարարի տեղակալը նշել է, որ այս տարի ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչները: Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել վերոնշյալ թիրախային խմբերի 1372 ուսուցիչ կամ ուսուցիչների 11 տոկոսը: Հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը:
Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ առաջնային ստուգման արդյունքում ուսուցիչների 47.2 տոկոսը պետք է ստանար 30-50 տոկոսի չափով հավելավճար: Փորձնական փուլի արդյունքով, սակայն, փոփոխություն է կատարվել կամավոր ատեստավորման կարգում, և սահմանվել ատեստավորման համար անցողիկ համարվող միավորների նոր սանդղակ` իջեցնելով մինչ այդ սահմանված շեմը: Սկզբնական փուլում նախատեսված էր, որ 80-89 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները կստանան հավելավճար՝ 30 տոկոսի չափով, իսկ 90 և ավելի արդյունք ցույց տված ուսուցիչները՝ 50 տոկոս: Եվ ահա սանդղակն ավելի համաչափ դարձնելու տեսանկյունից կատարված փոփոխության արդյունքում՝ 70-79 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները կստանան հավելավճար՝ 30 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները՝ 40 տոկոսի չափով, իսկ 90-100 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները՝ 50 տոկոսի չափով:
«Հավելավճարը վերաբերում է ուսուցչի հիմնական աշխատանքին: Եթե, օրինակ, նա դասավանդում է տարբեր առարկաներ, որոնցից միայն մեկով է մասնակցել գիտելիքների ստուգման գործընթացին, ապա աշխատավարձի բարձրացումը կվերաբերի նաև մյուս առարկաների ժամաքանակներին: Այսինքն՝ խոսքն ուսուցչի հիմնական աշխատավարձի մասին է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքերով՝ կամավոր ատեստավորման բողոքարկման փուլում ստացվել է 254 դիմում, որոնց քննարկման արդյունքում՝ հավելավճար ստացող ուսուցիչների թիվն ավելացել է 13-ով: Այն փաստացի կազմել է 481 ուսուցիչ, ինչը մասնակիցների 48.5 տոկոսն է:
«Քանի որ ատեստավորումն անցած են համարվում նաև 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ապա հաշվի առնելով վերջիններիս ցուցանիշները, ինչպես նաև բողոքարկման արդյունքները՝ կփաստենք, որ կամավոր ատեստավորումն անցել է մասնակիցների 65.2 տոկոսը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Նրա տեղեկացմամբ՝ նախարարությունը և ԳԹԿ-ն քննարկել են փորձնական փուլի հետ կապված բոլոր հարցերը և մանրամասն վերլուծել բոլոր բողոքները:
«Քանի որ սա փորձնական ծրագիր էր, բնականաբար, առաջին անգամ անցկացման հանգամանքով պայմանավորված՝ որոշակի ճշգրտումներ կատարելու և գործընթացն առավել բարելավելու կարիք է առաջացել: Այդ պատճառով մենք բաց ենք առաջարկներ ստանալու և դրանք քննարկելու համար: Ցանկանում եմ շեշտել, որ կամավոր ատեստավորումն ուսուցիչների աշխատավարձի բարձրացման միակ հնարավորությունը չէ. բացի այս գործիքից՝ ունենք նաև տարակարգի շնորհման գործընթաց, որը, հաշվի առնելով ուսուցչի մանկավարժական և մասնագիտական կարողությունները ու կուտակելով անհրաժեշտ կրեդիտներ, ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում ստանալու հավելավճարներ 10-50 տոկոսի չափով: Այսինքն՝ այսօր մենք ունենք ուսուցիչներ, որոնք այս երկու գործընթացի արդյունքում ստանում են հավելավճար, և կա մինչև 100 տոկոս աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն. հաշվի կառնվեն ուսուցչի թե՛ առարկայական գիտելիքները, և թե՛ մասնագիտական փորձառությունն ու մանկավարժական հմտությունները»,- շեշտել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ փոփոխություններ են նախատեսվում նաև տարակարգի շնորհման գործընթացում:
«Կամավոր ատեստավորման անցկացումն ուներ երկու նպատակ, որոնցից առաջինն իրավիճակի ախտորոշումն էր: Այսինքն՝ հասկանալ ուսուցիչների մասնագիտական զարգացման ինչ խնդիրներ ունենք, և պետությունը ինչ աջակցություն պետք է տրամադրի ուսուցչին, քանի որ մեր վերջնական նպատակը դպրոցը բարձրակարգ ուսուցիչներով ապահովելն է, որի արդյունքում կունենանք պատշաճ որակի կրթություն, այն էլ իր հերթին կձևավորի հանրային զարգացմանը նպաստող և մեր երկրին պիտանի քաղաքացի: Ատեստավորման արդյունքում մենք ստացել ենք շուրջ 1000 ուսուցչի մասնակցությամբ գործընթացի մասին տեղեկատվություն. ինչպիսի խնդիրներ կան, որ առարկայից, որ ուղղությամբ և այլն: Եվ այս ծրագրի փորձարկումը մեզ հիմք տվեց՝ հասկանալու և իրագործելու մեր հետագա անելիքները: Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընթացին մասնակցած բոլոր այն ուսուցիչներին, որոնք, չունենալով բավարար պատկերացում առաջին անգամ անցկացվող գործընթացի մասին, չվարանեցին մասնակցել, և դա շատ խրախուսելի է: Հույս ունեմ, որ հետագա տարիներին կիրականացնենք այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում ավելի մեծ թվով ուսուցիչներ կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կբարելավեն իրենց աշխատանքային պայմանները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մյուս տարի նախատեսվում է 5-12 դասարանների բոլոր առարկաների շուրջ 6000 ուսուցչի մասնակցություն:
ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն իր հերթին ներկայացրել է բողոքարկման գործընթացը: Նա նշել է, որ բողոքներ և վերահաշվարկի դիմումներ են ստացվել «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա» առարկաներից, ընդ որում՝ ամենից շատ բողոքներ ստացվել են «Քիմիա» առարկայից՝ 65 դիմում-բողոք, որից 1-ը կրկնվել է: Համապատասխան դիտարկումներ է ունեցել նաև ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, որի դասախոսների, թեստաբանների և հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են այդ դիտարկումները, և կատարվել համապատասխան եզրահանգումներ: Նա մանրամասն ներկայացրել է նաև, թե ինչպիսի բովանդակությամբ բողոքներ են ստացվել, օրինակ՝ բողոք ներկայացրած ուսուցիչները գրել են թեստի մեկ տարբերակ, սակայն բողոքարկման են ներկայացրել մեկ այլ տարբերակ:
Լրագրողների այն հարցին, թե ատեստավորումը չանցած ուսուցիչների դասավանդելու իրավունքը արդյոք կկասեցվի, նախարարի տեղակալը նշել է, որ մինչև 60 տոկոս արդյունք գրանցած ուսուցիչները համարվում են ատեստավորումը չանցած. դրանց թիվը 346 է:
«Բնականաբար, սա փորձնական ծրագիր էր, և նման արդյունքի պարագայում որևէ հետևանք չի կիրառվի, սակայն կարգով նախատեսված է, որ հաջորդ փուլերում նման դեպքերում կարիք է լինելու վերաատեստավորման, որպեսզի ուսուցիչը նորից մասնակցի և փորձի հաղթահարել շեմը: Եթե կրկին չստացվի, այդ դեպքում մենք կունենանք լուրջ մտածելու խնդիրներ: Այս պահին մենք ներկա փուլի վերլուծության և հետագա փուլերի վերանայման գործընթացում ենք, այդ պատճառով հետագայում կքննարկենք նաև այս հետևանքների կիրառման հետ կապված բոլոր հարցերը»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը:
Լրագրողները նաև այլ հարցեր են ուղղել բանախոսներին, որոնք վերաբերել են դպրոցներում երկարօրյա խմբերի գործունեությանը, ուսուցչական նոր կադրերի ընդունմանը և ուսումնական գործընթացի վերսկսմանը:
10:00 29.04.2025
Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումինԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալ Պակ Յոնգ Իրի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու III միջազգային հակաֆաշիստական կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ապրիլի 28-ին Փհենյանի միջազգային օդանավակայանում նրանց, ի թիվս այլոց, ճանապարհել է Ռուսաստանի ռազմական կցորդը։ Ապրիլի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա […] ...
09:50 29.04.2025
Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ինՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսաստան կժամանի մայիսի 8-ին և հուսով է, որ մայիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Մոսկվայում այդ երկրի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալին: Դեսպանի խոսքով՝ Աբասը Մոսկվա կժամանի մայիսի 8-ին և կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 10-ին նա ակնկալում է բանակցություններ վարել […] ...
09:40 29.04.2025
Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել էԵրկուշաբթի օրը Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կանադայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19:00-ին: Երկուշաբթի Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 45-րդ ընտրությունները։ Պայքարը 343 մանդատի համար է. մեծամասնական կառավարություն ձեւավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Հաջորդ ընտրությունները […] ...
09:28 29.04.2025
Ռուի Մոտան ստացել է Fastex Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզչի մրցանակը«Նոան» գլխավորող պորտուգալացի Ռուի Մոտան ստացել է Fastex Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ժամանակահատվածի լավագույն մարզչի մրցանակը։ Այս մասին հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը: «Նոան» այդ ժամանակահատվածում անցկացրել է չորս խաղ, տարել նույնքան հաղթանակ, խփել 13 գոլ և բաց թողել մեկը: Ռուի Մոտայի թիմը 67 միավոր ունի, երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից» առաջ է 13 միավորով: Հաջորդ տուրում […] ...
09:20 29.04.2025
Չինաստանի ԱԳՆ. BRICS-ի երկրները պետք է դառնան համաշխարհային խաղաղության և զարգացման հենակետBRICS-ի երկրները պետք է առաջատար դեր ստանձնեն միջազգային ասպարեզում խաղաղության և զարգացման խթանման գործում: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «ԲՐԻԿՍ-ի երկրները, հանդես գալով որպես դրական և կառուցողական ուժ միջազգային ասպարեզում, պետք է ստանձնեն առաջատար դեր և դառնան խաղաղության և զարգացման հենակետ»,-նախարարի խոսքերը մեջբերված են […] ...
09:10 29.04.2025
Լավրովը Թաիլանդի արտգործնախարարի հետ քննարկել է տնտեսության և BRICS-ի համակարգման հարցերըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թաիլանդի իր գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և BRICS-ի շրջանակներում ջանքերի համակարգումը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Ռիո դե Ժանեյրոյում ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների համաժողովի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով։ Կողմերը «համեմատեցին ռուս-թայլանդական համագործակցության զարգացման հիմնական հարցերի վերաբերյալ գրառումները՝ ներառյալ քաղաքական երկխոսության խթանումը, առևտրատնտեսական […] ...