«Համեցեք շաշլիկ ուտելու։ Քարդաշյանը կաշխատի մեր ԱԳՆ-ում»․ պրանկերը Փաշինյանի անունից զրուցել է Յունկերի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

«Համեցեք շաշլիկ ուտելու։ Քարդաշյանը կաշխատի մեր ԱԳՆ-ում»․ պրանկերը Փաշինյանի անունից զրուցել է Յունկերի հետ

15:22 18.07.2018

Ռուսաստանցի հայտնի պրանկերներ Վովանն ու Լեկսուսը, ներկայանալով որպես ՀՀ վարչապետ, զանգել են Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկարին, նրան խնդրել միջնորդել ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունների հաստատմանն ու հրավիրել Հայաստան։ Այս մասին հայտնի է դառնում նրանց հրապարակած ձայնագրությունից։

Ջերմ զրույցի հենց սկզբում պրանկերներից Լեկսուսը՝ ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյան, ասում է, թե ավելի վաղ քննարկում են ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, շնորհակալություն են հայտնում Յունկերին։ Դրանից հետո Յունկերը կեղծ Փաշինյանին մաղթում է լավագույնը ու նշում, որ իշխանափոխությունից հետո հայկական նոր իշխանությունների առաջ ծանր խնդիրներ են ծառացած լինելու։

«Ուրախ եմ, որ այս ամբողջ գործընթացն անցավ շատ խաղաղ ձևով։ Շնորհակալություն  Ձեզ դրա համար, քանի որ ի սկզբանե այնքան էլ կանխատեսելի չէր, որ ամեն ինչ կանցնի առանց բռնության», – նշել է Յունկերը, ապա հետաքրքրվել, թե երբ է ձևավորվելու Հայաստանի կառավարության կաբինետը, ովքեր են նշանակվելու պաշտոններում (զրույցը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մայիսի 9-ին, քանի որ Յունկերը նշում է, որ իրենք նշում են Եվրոպայի օրը

Նիկոլ Փաշինյանի անունից պրանկերներից Լեկսուսը բացատրում է, որ Հայաստանում նոր իշխանությունների դեմ դեռ մեծ դիմադրություն կա, մանավանդ խորհրդարանի կողմից։ Այդ պայմաններում բավական դժվար է նոր կառավարության նշանակումը, սակայն դա կիրականացվի մեկ ամսում։ Ապա կեղծ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Յունկերին իշխանափոխության ընթացքում օժանդակելու համար և բարձր գնահատում Եվրամիության դերը։

«Շատ հարցեր կան, որ ես կուզեի քննարկել։ Առաջինը․ ես խոստանում են վավերացնել Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, և մեր բոլոր համաձայնությունները շարունակվելու են։ Բացի այդ, ես մտադիր եմ աշխատել առանց վիզայի ռեժիմի հաստատման ուղղությամբ։ Դրանից բացի, կուզեի Ձեզ հայտնել, որ մտահոգված եմ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակից։ Այն բազմաթիվ տհաճություններ պատճառեց։ Եվ ես ոկւզեի շնորհակալություն հայտնել Ձեզ այն բանի համար, որ չմիացաք պարոն Թրամփին (դուրս չեկաք միջուկային համաձայնագրից – ShantNews.am)», – ասել է կեղծ Փաշինյանը։

«Ես խորապես վստահ եմ, որ մենք պետք է հետևենք կոնվենցիաներին ու կկարողանանք ամրապնդել գործընկերության մասին մեր համաձայնությունը։ Կուզեի, որ Ձեր բոլոր ուժերը ներդնեք դրանք կյանքի կոչելու համար։ Ինչ վերաբերում է վիզաների հարցին, ապա հենց հիմա դրա շուրջ բանակցությունները սկսելը ժամանակավրեպ կլիներ, բայց ես մտադիր եմ այդ բանակցությունները սկսել մինչև պաշտոնավարմանս ավարտը։ ԵՄ շատ երկրներ, հիմնականում Ֆրանսիան, խիստ դժվարությամբ են մտնում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ ցանկացած բանակցության մեջ, բայց դա կլինի հաջորդ տարի», – նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Յունկերը պատրաստակամություն է հայտնել օգնել հայկական կողմին այդ հարցում, բայց բացատրել է, որ վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ է Ֆրանսիայի ու Նիդերլանդների համաձայնությունը, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որ այդ երկրները հասկանան, թե ինչու է Հայաստանի համար կարևոր այս գործընթացը։

Ապա պրանկերը, որ ներկայացել էր որպես Նիկոլ Փաշինյան, զրույցի ուղղությունը փոխել է դեպի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։ Կեղծ Փաշինյանն ասել է, որ մտահոգված են Թրամփի՝ միջուկային գործարքից դուրս գալու որոշման վերաբերյալ, քանի որ Իրանը Հայաստանի հարևանն է, ու գործարքի կասեցումը տարածաշրջանում անկայունության պատճառ կարող է լինել։ Յունկերն ի պատասխան հայտարարել է, թե իրենք ու անձամբ ինքը նույնպես մտահոգված են։ «Թրամփը խոշոր սխալ թույլ տվեց», – նշում է Յունկերը, ապա հայտնում, որ եվրոպական երկրներն ու ԵՄ-ն կողմ են այդ համաձայնագրի պահպանմանը և աշխատում են այդ ուղղությամբ։

Կեղծ Փաշինյանը հետո անցնում է իր «պաշտոնավարման» թեմային ու հիշեցնում, որ իր վարչապետ նշանակման հետ կապված առայժմ մեծ դիմադրություն կա խորհրդարանում ու Հանրապետական կուսակցությունում, այդպիսի ճնշում կար նաև Ռուսաստանի կողմից։

«Ինչպես Ձեզ հայտնի է, որոշակի հակազդեցություն կար նաև Ռուսաստանից, այդ պատճառով էլ իշխանությունը պահելը բավական դժվար էր, բայց հիմա, կարծում եմ, վիճակը կայունացել է։ Ինձ ընտրել է ժողովուրդը, և ես կարող եմ բազմաթիվ տարբերակներ գտնել բոլոր պետությունների, այդ թվում և Եվրամիության հետ համագործակցության համար», – նշել է կեղծ Փաշինյանը։

«Այո, և Ռուսաստանի հետ [կապված]։ Մենք ձեզ չենք խնդրում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա կարևոր է։ Եվ Դուք հանդիպելու եք Վլադիմիր Պուտինի հետ, եթե չեմ սխալվում՝ մայիսի 14-ին։ Եվ դա լավ է։ Դա լավ է, իմ անձնական ընկեր։ Ես կարող եմ նրա հետ խոսել ցանկացած անհրաժեշտության դեպքում», – նշել է Յունկերն ու հարցրել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Փաշինյանի թիմը նոր խորհրդարանական ընտրություն անցկացնել։

Փաշինյանի անունից ներկայացած պրանկերը նշել է, որ հանձնակատար Մոգերինին Հայաստանի իրավիճակի մասին խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ու խնդրել, որ Ռուսաստանը ճնշում չգործադրի, սակայն հիմա հայկական կողմի վրա ճնշում է գործադրվում ԱՄՆ-ից։

«Բայց մենք այլ ճնշման տակ են՝ ԱՄՆ կողմից։ Հուսով ենք, որ Դուք կարող եք միջնորդ լինել մեր երկու կառավարությունների միջև», – ասել է կեղծ Փաշինյանը։

«Մենք ստիպված ենք նորից ու նորից պարոն Թրամփին բացատրել, թե ինչպես է կառուցված աշխարհը։ Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Եվ մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ճիշտ ընկալալ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Լավ, շատ լավ, հաջողություն եմ մաղթում», – փորձել է զրույցն ավարտել Յունկերը։

Ապա Նիկոլ Փաշինյանի անունից ներկայացած Լեկսուսը Յունկերին հրավիրել է Հայաստան։

«Մենք կարող ենք պատրաստել ընտիր հայկական խորոված, մեզ մոտ այն անվանում են «շաշլիկ» (ռուսերեն համարժեքն է – ShantNews.am)», – ասել է կեղծ Փաշինյանը։

«Հա-հա-հա, դա նույնպես լավ է հնչում։ Ես կգամ հաջորդ տարի, այս տարի դա այլևս հնարավոր չէ, իսկ մյուս տարի կգտնենք ժամանակ ու հնարավորություն այցելելու համար», – խոստացել է Յունկերը։

Կեղծ Փաշինյանն առաջարկել է «շաշլիկը» պատրաստել փողոցում, քանի որ ցույցերի օրերին մարդիկ հենց փողոցում էին սարքում դա, և դա կարող է յուրօրինակ սիմվոլ դառնալ այս գործընթացի համար։ Լեկսուսը Փաշինյանի անունից ասել է, որ օրեր առաջ ինքը տարօրինակ զանգ է ստացել Ուկրաինայի նախագահից, որ խնդրել է իրեն գումար տրամադրել։

Պորոշենկոն, ըստ կեղծ Փաշինյանի, խորհուրդ է տվել նաև հայկական գինի ուղարկել Յունկերին, քանի որ վերջինս շատ է սիրում հայկական գինի։ «Լավ միտք է», – կարճ արձագանքել է Յունկերը։

«Գիտեմ, որ Դուք սիրում եք հայկական երաժշտություն», – ասել է պրանկերը։

«Այո, սիրում եմ», – արձագանքել է Յունկերը։

«Դուք ծանո՞թ եք մեր երգիչ Սերժ Թանկյանի՝ System of a Down խմբի լիդերի ստեղծագործությունների հետ», – հարցրել է պրանկերը։

«Ոչ, ոչ, չեմ լսել», – պատասխանել է Յունկերը։

«Հիմա ընթանում է համերգ, և ես ուզում եմ բացել պատուհանը, որ Դուք լսեք, թե ինչպես է ժողովուրդը տոնում, եթե դեմ չեք», – ասել է պրանկերը։

«Ահա, ես լսում եմ, հրաշալի է», – համակարգչով միացված երաժշտության ձայները լսելիս արձագանքել է Յունկերը։

«Այո, ես հիմա փակում եմ պատուհանը», – ամփոփել է պրանկերը։

Հետո Յունկերը հարցրել է, թե արդյո՞ք պատրաստվումէ զրուցակիցը կոչով դիմել ժողովրդին։ Պրանկերը ասել է, թե ավելի ուշ կդիմի ժողովրդին, ինչից հետո Յունկերը խնդրել է փոխանցել իր բարեմաղթանքները։

«Շնորհակալություն։ Եվ վերջում կուզեի տեղեկացնել, որ Քիմ Քարդաշյանը, հնարավոր է, նույնպես ցանկություն հայտնի լինել մեր կառավարության կազմում։ Վստահ եմ՝ նրա մասին լսել եք։ Նա աշխատելու է արտաքին գործերի նախարարությունում», – նշել է կեղծ Փաշինյանը։

«Այո, այո, դա լավ է», – արձագանքել է Յունկերը։

Ապա պրանկերն ու Յունկերը ջերմորեն հաջողություն են մաղթել իրար։

https://www.youtube.com/watch?v=lP6QnkbjJQA

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

15:40 11.04.2025

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

15:35 11.04.2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

15:33 11.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

BACK_TO_TOP