Մեր ներուժն իրականություն դարձնելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույնների հետ համագործակցությունն է. նախագահի հարցազրույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Մեր ներուժն իրականություն դարձնելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույնների հետ համագործակցությունն է. նախագահի հարցազրույցը

18:04 24.10.2019

«Հայ-ճապոնական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայումս ունենք»,– ասել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարցազրույց տալով «Շանթ» ՀԸ մեկնաբան Նաիրի Հոխիկյանին: 

«Երկու երկրներն էլ գնահատում են երկկողմ հարաբերությունները, երկուսս էլ դժվար ճանապարհ ենք անցել, շատ հին ժողովուրդ ենք, կիսում ենք որոշակի արժեքներ, որակներ, ունենք պատմական անցյալ,- նշել է նախագահը: – Դա շատ հստակ երևում էր նաև այսօր՝ վարչապետի հետ մեր հանդիպման ժամանակ, ինչպես նաև մյուս գործընկերների հետ նախորդ հանդիպումների ընթացքում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-ճապոնական հարաբերությունները բազմաթիվ ուղղություններ ունեն: Երկու երկրները համագործակցում են տարբեր ձևաչափերում, ինչը, նրա խոսքերով, կարևոր է, բայց ոչ բավարար, քանի որ հայ-ճապոնական հարաբերությունները խոր հիմք ունենալով՝ մեծ արագությամբ կարող են առաջ ընթանալ:

«Շատ էական եմ համարում, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք մի քանի ուղղության վրա,– ընդգծել է նախագահը:– Առաջինն այն է, որ երկու երկրներն էլ այնպիսի տարածքում են, որտեղ բնական աղետների, երկրաշարժերի վտանգը մեծ է։ Հետևաբար, երկուսիս համար էլ շատ էական է նախօրոք իմանալ, կանխորոշել նմանատիպ իրադարձությունների հավանականությունը: Իհարկե, շատ բարդ է կանխորոշել մի բան, որը կախված է բնությունից, բայց դա հնարավոր է նոր տեխնոլոգիաների շնորհիվ»:

Նախագահն ավելացրել է, որ երկու երկրներն արդյունավետ կարող են համագործակցել հատկապես բնական աղետների կառավարման, միջուկային անվտանգության և միջուկային թափոնների կառավարման բնագավառներում, քննարկել համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման հնարավորությունը միջուկային վառելիքի, աղտոտված ջրերի մեկուսացման ոլորտներում: Չափազանց կարևոր համարելով բնական աղետների կանխորոշման, ժամանակին հանրությանն իրազեկելու հարցում համագործակցությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. 

«Այս հարցում նորից գնում ենք արհեստական բանականության և մեծ տվյալների կառավարման ուղղությամբ, որտեղ Ճապոնիան աշխարհի առաջատար երկրներից մեկն է»:

Անդրադառնալով իր այցին՝ նախագահը նշել է, որ իր նպատակը միայն կայսեր գահակալության արարողությանը ներկա գտնվելը չէր, թեև այն ինքնին պատմական իրադարձություն է:

«Իմ մյուս նպատակը հանդիպումներ ունենալն է պետական կառույցների և ճապոնական այն խոշոր ընկերությունների հետ, որոնք զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, արհեստական բանականությամբ և մեծ թվային տվյալների վերամշակմամբ,– նշել է նա: – Այս երեք ուղղություններից յուրաքանչյուրն իր կիրառությունն ունի մեր կյանքի բոլոր ոլորտներում, բայց Հայաստանը և Ճապոնիան կարող են ընտրել որոշակի տիրույթ, որը կապված կլինի բնապահպանության, բնական արհավիրքների, երկրաշարժերի և միջուկային անվտանգության հետ: Ե՛վ Ճապոնիան, և՛ մենք հետաքրքրված ենք այդ խնդիրների լուծմամբ, հետևաբար, իրենք նույնպես հետաքրքրված կլինեն մեզ հետ համագործակցել այդ ոլորտներում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կա այդ երեք ուղղություններում աշխատելու ներուժ»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է ունենալ լավագույն տեխնոլոգիաները, բայց դրա համար պետք է շատ աշխատել, ունենալ հստակ ծրագիր, ռեսուրսներ, մարդիկ, այդ թվում՝ արտերկրում ապրող հայերը, որոնք ոլորտի մասնագետներ են կամ հաջողության են հասել նշված ոլորտներում:

«Պետք է գրավիչ դարձնենք Հայաստանը օտարների համար: Մենք պետք է լիովին ներգրավված լինենք այն բոլոր ուղղությունների, զարգացումների մեջ, որ տեղի են ունենում աշխարհում,-ընդգծել է նախագահը:– Պետք է աշխատենք բոլորի հետ՝ ամերիկացիների, եվրոպացիների, ռուսների, չինացիների, հնդիկների և, իհարկե, ճապոնացիների: Պետք է իրականություն դարձնենք այն ներուժը, որն ունենք, և դա անելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույններից մեկի հետ համագործակցությունն է»:

Նախագահը նշել է, որ կողմերը դեռևս պետք է լիարժեք բացահայտեն միմյանց.

«Ճապոնական ընկերությունների հետ դեռևս երկխոսության վաղ շրջանում ենք, դեռ պետք է ծանոթանալ միմյանց, գտնել գործընկերներ: Փնտրելիս պետք է դիտարկել ոչ միայն հայաստանյան ընկերությունները, այլև գուցե այն հայերին, որոնք միջազգային մեծ ընկերություններ են կառավարում, և նրանց ևս ներգրավել ,– ասել է նախագահը: – Էական է, թե մենք ինչ կարող ենք առաջարկել մարդկանց, և դրա համար պարտադիր չէ անպայման ծով, մեծ նավեր ունենալ։ Պետք է ունենալ վիրտուալ ընկերությունների գործիքներ, որոնք մեծ գաղափարներ են ստեղծում: Մենք այսօր ընդամենը ճանապարհ ենք դուրս գալիս: Լավ լուրն այն է, որ բոլորն են հիմա նոր ճանապարհ դուրս գալիս՝ անկախ նրանից, թե ով ինչքան մեծ ներուժ ունի»:

Նախագահի խոսքերով՝ այսօր ոչ միայն մենք, այլև աշխարհն է նոր դարաշրջանի խաչմերուկում:

«Մեր ունեցած ներուժն իրականություն դարձնելու համար բոլորս պետք է աշխատենք, այդ թվում ՝ նախագահը, կառավարությունը, հայկական բիզնեսը, կրթական համակարգը,– նկատել է նախագահը:– Յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա: Ես փորձում եմ իմ ներդրումը բերել՝ հաշվի առնելով, որ շատերին անձամբ ճանաչում եմ, ճապոնական ընկերություններին ներկայացնում եմ հայկական ընկերությունների հետ համագործակցելու ներուժը»:

Պատասխանելով Ճապոնիայի կայսեր գահակալության արարողության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն պատմական իրադարձություն էր, և կայսրության պատմությունն ու կայսեր բուն ինստիտուտը երկրին տալիս է ոչ միայն պատմական հաջորդականության, այլ նաև կայունության զգացում:

«Ցանկացած պետության ներսում շատ էական է, որ գոյություն ունենան պետականության սյուներ, որովհետև յուրաքանչյուր պետություն անցնում է զարգացումների, փոփոխությունների, խնդիրների, փորձությունների ճանապարհով, և շատ էական է, որ պետության ներսում լինեն ինստիտուտներ, որոնք անկախ նրանից՝ ինչպիսի ներքին և արտաքին դժվարություններ կան, կայուն լինեն և պահպանեն պետականությունը,– ընդգծել է նախագահը:– Կայուն պետականությունը ապագա զարգացման հիմքն է՝ ներդրումների, քաղաքական զարգացումների, հավասարակշռության պահպանության, թե այլ իմաստներով: Պետք է կայուն սյուներ ունենալ, որ պետությունը կայուն մնա: Ճապոնիայի դեպքում դա կայսեր ինստիտուտն է: Այս երկիրը կարողացել է կայուն պետականության ինստիտուտը 2000 տարի պահել, հետևաբար, գուցե սովորելու բան ունենք իրենցից»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

13:40 27.11.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։ Երկուստեք ընդգծվել է բազմակողմ […] ...

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

13:34 27.11.2024

Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել Adidas-ի հետ

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համագործակցություն է սկսել գերմանական հանրահայտ Adidas ընկերության հետ։ Այդ մասին 22-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ միացել եմ Adidas-ի ընտանիքին։ Արդեն վաղուց կորտում Adidas-ի մարզահագուստն եմ հագնում, քանի որ անկեղծ սիրում եմ այդ ընկերությունն ու արտադրանքը»,- գրել է Էլինան։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից է   ներկայացնում […] ...

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

BACK_TO_TOP