17:52 26.09.2017
Վրաստանի խորհրդարանն այսօր արտահերթ նիստում 116 կողմ և 3 դեմ ձայների հարաբերությամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նորացված տարբերակը: Խորհրդարանական ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել`ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը և միացել խորհրդարանի շենքի առջեվ բողքի ցույց անցկացնող արտախորհրդարանական ուժերին:Սահմանադրության փոփոխված տարբերակը ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականի նախագահի ընտրություններից հետո, սակայն մինչ այդ նախագահ Մարգվելաշվիլին պետք է հավանություն տա և հաստատի Սահմանադրական փոփխությունների նոր տարբերակը: Շատերը չեն բացառում, որ նախագահը ձեռնպահ կմնա այն հաստատելուց:
17:45 26.09.2017
Արդեն երկրորդ նիստն է, ինչ Ազգային Ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում չեն կարողանում կողմնորոշվել՝ ինչ մեխանիզմ որդեգրել ոլորտին առնչվող գերատեսչությունները վերահսկելու համար: Խնդիրն այն է, որ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցում կատարելուց հետո Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովները կստանան գործադիրին վերահսկելու լուրջ լիազորություններ: Հիմա հանձնաժողովներում քննարկվում է հարցը՝ ինչպես կազմակերպել այդ վերահսկողությունը: Իրավական տեսակետից այնքան էլ պարզ չէ՝ խորհրդարանը վերահսկողություն կարող է իրականացնել միայն օրենսդրական մասով, թե իրականացնելու է նաև ստուգման գործառույթ:
17:43 26.09.2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր մեկ տարվա գործունեության ամփոփման ընթացքում անդրադարձել է Խոսրովի անտառ արգելոցին:
«Խոսրովի արգելոցի տարածքներն ընդլայնելու մտադրություն ունենք՝ ներառելով թե բուֆերային գոտիներ եւ թե արգելավայրեր: Այդպիսով կունենանք ամբողջական արգելոց, որը կլինի հեշտ վերահսկվող եւ պահպանվող տարածք, իսկ այսօր շատ կան խոցելի տարածքներ Խոսրովի արգելոցում»:
Անդրադառնալով այս տարվա աննախադեպ ծավալներով անտառային հրդեհների պատճառներին, Արծվիկ Մինասյանը անհավանական է համարել շրջանառվող լուրերն այն մասին, որ հրդեհի մեղավորները կարող են լինել հանքարդյունաբերողները՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ հրդեհները ծագել են մարդկային գործոնով պայմանավորված:
24 օր տևած հրդեհի հետեւանքով այրվել է 2200 հա տարածք: Վնասված խոտածածկ տարածքները և կաղնիները արդեն հաջորդ գարնանը կվերականգնվեն: Նույնը չի կարելի ասել այրված 220հա գիհուտների անտառի մասին, որի վերականգնումը երկար ժամանակ է պահանջում:
«Ինչ վերաբերում է կենդանական աշխարհին, ապա վայրի խոշոր կենդանիների մասով խոշոր կորուստներ չեն արձանագրվել: ՈՒնենք մի քանի տեսակի սողունների անկման դեպքեր»:
17:27 26.09.2017
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը յուրաքանչյուր պետական գերատեսչության համար սահմանվում է այդ մարմնին հատկացված տարեկան բյուջեի 10 տոկոսի չափով: Բացառություն է կազմում միայն ՀՀ Նախագահի եվ կառավարության աշխատակազմերին հատկացվող պարգեվատրման ֆոնդը, որն իրականացվում է այլ հաշվարկային մեխանիզմով: Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը , փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նախաձեռնել են նոր օրինագիծ, որով առաջարկում են այդ բացառությունների շարքում դասել նաև Ազգային Ժողովը, ու հավասարեցնել պայմանները բարձրագույն իշխանության երեք թևերի համար: Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկն ընդունվել է առանց առարկությունների, և նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվել է առաջիկա նիստերի օրակարգ:
17:23 26.09.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:
Կառավարության ղեկավարը գործնական և կառուցողական է բնութագրել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը, որը համահունչ է երկու երկրների առանձնահատուկ փոխհարաբերությունների տրամաբանությանը: Վարչապետը ողջունել է Երևանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը և անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ և հասցեական առողջապահական համակարգի ստեղծումն է և առողջապահական բիզնեսի համար տարածաշրջանային հարթակի ձևավորումը:
ՌԴ առողջապահության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր մեկնարկած Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի աշխատանքների ընթացքից՝ նշելով, որ օրակարգում ընդգրկված են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ նրա՝ համաժողովը լավ հարթակ է՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել դեղագործության, առողջապահական բիզնեսի կազմակերպման ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Վերոնիկա Սկվորցովան իր հերթին նշել է, որ ռուսաստանյան կողմը ևս հետաքրքրված է այս բնագավառներում գործակցության զարգացմամբ և պատրաստակամություն է հայտնել քննարկելու համատեղ հետագա քայլերը: Կողմերը համակարծիք են եղել հաճախակի փոխայցելություններ կազմակերպելու հարցում, որոնք հնարավորություն կտան տեղում ծանոթանալու երկու երկրներում առողջապահական համակարգերի բարեփոխումներին ու զարգացման միտումներին, բժշկական կազմակերպությունների գործունեությանը, ուսումնասիրելու առողջապահական բիզնեսում ներգրավման հնարավորությունները:
17:14 26.09.2017
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դինգ Լիրենը աշխարհի գավաթը կվիճարկեն թայ-բրեյքում: Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի չորս դասական պարտիաներից վերջինը ևս ավարտվեց ոչ ոքի: Արոնյանը հանդես էր գալիս սևերով: Ոչ ոքին գրանցվեց 52-րդ քայլում: Թայ-բրեյքը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին:
17:08 26.09.2017
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ամփոփել է տարին: Նա ներկայացրել է միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքները:
17:06 26.09.2017
Սեպտեմբերի 25-ին, ժամը 6.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Վարդանանց փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 20-ամյա Գևորգ Ս.-ին և ներկայացրել ԻԻՀ քաղաքացի, Մասումեհ Խ.-ին:, – այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:
17:02 26.09.2017
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 3.2 մլրդ դոլար, ինչը պայմանավորված է ներդրողների կողմից ընկերության ռիսկային արժեթղթերի վաճառքով:
Ինչպես նշում է The Independent-ը, ռիսկային արժեթղթերի վաճառքն իր հերթին պայմանավորված էր Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոն Հոյի կողմից ԱՄՆ-ին անխուսափելի հրթիռային հարված հասցնելու մասին հայտարարությամբ, որը հնչել էր ՄԱԿ-ի ամբիոնից:
Աղբյուրը հավելում է, որ հյուսիսկորեական կողմի սպառնալիքների հետևանքով մեկ օրում ունեցվածքի կրճատում է արձանագրվել նաև Amazon-ի ու Alibaba-ի ղեկավարների՝ Ջեֆ Բեզոսի և Ջեք Մայի դեպքում: Ընդհանուր առմամբ, Ցուկերբերգը, Բեզոսը և Ման սեպտեմբերի 25-ին կորցրել են 15.5 մլրդ դոլար:
Հայտնի է, որ տվյալ ընկերությունների ռիսկային արժեթղթերը վաճառողները ներդրումներ են արել իենի ու ոսկու շուկաներում:
16:52 26.09.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին:
16:47 26.09.2017
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Այսօր մինչև 17 տարեկանների մրցապայքարում 69 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել հայ ծանրորդ Արմեն Գրգորյանը: Նրա երկամարտի արդյունքը կազմել է 296 կգ (134+162):
Հատկանշական է, որ բրոնզե մեդալը ևս հայ ծանրորդ է ստացել՝ Ռաֆիկ Հարությունյանը, ում արդյունքը զիջել է չեմպիոնին ընդամենը 1 կգ-ով:
16:40 26.09.2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի տարածաշրջան, ինչի մասին պաշտոնյան հայտնել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը: «Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա շաբաթներին գործընկերներիս՝ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ տարածաշրջան այցին»,- ասել է Շեֆերը: Նա հավելել է, որ սպասվելիք այցի վերաբերյալ այլ մանրամասներից տեղյակ չէ:
16:31 26.09.2017
Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ և որակյալ գյուղատնտեսական և այլ ապրանքներ: Այս մասին այսօր վարչապետի հետ հանդիպմանն ասել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:
16:18 26.09.2017
Արդեն տեղեկացրել ենք, որ Միսս Արմենիա մրցույթի հաղթողի համար թագ պատրաստած Artyom’s ընկերությունը գիշերը հաղթողից հետ է վերցրել թագը. ոսկերչական ընկերության կողմից դժգոհություններ են եղել իրենց քիչ լուսաբանելու պաճառով:
Artyom’s ընկերությունը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.․
«Ի պատասխան մեր ընկերության և «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի շուրջ ծավալված բազմաթիվ քննարկումների՝ ներկայացնում ենք Artyom’s ընկերության պատասխանը: Artyom’s ընկերությունը հանդես է եկել որպես մրցույթի հովանավոր, ինչն իրենից ենթադրում էր փոխշահավետ համագործակցություն մեր ընկերության և կազմակերպիչների միջև: Պայմանավորվածության մեր մասը լիարժեք կատարվել է, ոչ մի դժգոհություն կազմակերպիչների կողմից մեր հասցեին չի հնչել: Ինչը, ցավո՛ք, չենք կարող ասել կազմակերպիչների մասին: Հասկանում ենք, որ նման մրցույթի կազմակերպչական գործընթացը որոշակի բարդություններ է ենթադրում, սակայն դա չպետք է անդրադառնա հովանավորի շահերի վրա: «Միսս Արմենիա» միջոցառման պարագայում թագը պատրաստվել է հովանավորչական փաթեթի շրջանակներում՝ ծառայություն ծառայության դիմաց: Հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո: Ընկերության դեմ իրականացվող ֆեյսբուքյան «ֆլեշմոբ»-ը արդյունք չի տալու, մենք ունենք մեր հստակ սկզբունքները, որոնց չենք դավաճանի ոչ մի ճնշման պարագայում: Ցանկացած հարցերի առկայության դեպքում կարող եք այցելել Խորենացի 24 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կընդունենք և առերես կպատասխանենք բոլոր հարցերին առանց բացառության: Իսկ ընկերության մասին ապատեղեկատվություն տարածելու կամ վիրավորանքներ հնչեցնելու պարագայում մենք ստիպված կլինենք դիմել համապատասխան քայլերի: Մենք միշտ բաց ենք աջակցելու տարատեսակ իրադարձություններին՝ լիարժեք կատարելով մեր ստանձնած պարտավորությունները, բայց երբեք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները:
16:14 26.09.2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի հոկտեմբերին, որպեսզի մասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Մեդվեդևը Հայաստան կատարելիք իր այցի մասին հստակ հայտարարել է երեկ: «Ես կշարունակեմ քննարկել այդ հարցերը Հայաստանում կայանալիք միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում»,- Իտար ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ՌԴ վարչապետը։ 2017 թվականի հունվարի 24-ին ՌԴ կատարած պաշտոնական այցի ժամանակ Կարեն Կարապետյանն էր Մեդվեդևին հրավիրել Հայաստան:
16:03 26.09.2017
Բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը գնել է աշխարհի ամենամեծ ադամանդը՝ Lesedi la Rona-ն, որը կշռում է 1109 կարատ և արժե 53 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Financial Times-ը:
Նախկինում ադամանդը պատկանել է Lucara Diamond ընկերությանը: 2016-ի հունիսին թենիսի գնդակի չափ ադամանդը ներկայացված էր Sotheby’s-ի աճուրդում և ընկերությունը այն գնել էր 61մլն դոլարով:
Lesedi la Rona-ի յուրաքանչյուր կարատը կազմում է 47,8 հազար դոլար: Lucara Diamond-ը նաև որոշել էր ադամանդը մանր կտորների վերածել, որպեսզի ավելի թանկով վաճառեր: Ըստ վերլուծաբանների այդ ժամանակ շուկայում շահութաբեր չէր նման չափսերի ադամանդ ունենալ և թանկարժեք քարը իր մեծության պատճառով կորցնում էր իր արժեքը:
15:42 26.09.2017
Տրանսպորտի , կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այսօր ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիրը : Համաձայնագրով կարգավորվում և եվրոպական չափանիշներ է սահմանվում տրանսպորտամիջոցների վրա տեղադրվող սարքավորումների եվ մասերի համար , խոսքը այս դեպքում վերաբերում է նաև մեքենաների վրա տեղադրվող գազալիցքավորման բալոններին եվ պահեստամասերին: Իհարկե անցումը չի լինի միանգամից , այլ կլինի փուլ առ փուլ ու առաջին հերթին խնդիրը կվերաբերի միայն Հայաստանից եվրոպա արտահանվող արտադրանքին , որը կվերահսկվի միջազգային հատուկ հանձնաժողովի կողմից և որտեղ Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը : Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը համաձայնագրին տվել է դրական եզրակացություն: Արմեն Մխիթարյան
15:30 26.09.2017
ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի կապակցությամբ և հանդես է գալիս Իրաքի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության օգտին: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական հայտարարությունում: ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում գործել զուսպ ու հանգիստ, ինչպես նաև հաստատել բոլոր վիճելի հարցերն երկխոսության միջոցով լուծելու պատրաստակամությունը: ԵՄ-ն միշտ պատրաստ է աջակցել նման երկխոսությանը:
15:22 26.09.2017
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը: Գոհունակությամբ փաստելով, որ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ օրակարգի առաջնայնություններից է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ այն ակտիվ երկխոսությամբ առանձնացող քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համահունչ դարձնելու նպատակով:
Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոն հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:
Ընդգծելով Օլիվիե Դասոյի և նրա ընտանիքի դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա այցը Հայաստան իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական բարեկամական կապերի առավել սերտացմանն ու զարգացմանը:
15:18 26.09.2017
Մեքենայի համարանիշերը փոխված են եղել, իսկ վարորդը մի քանի օր առաջ է վարչական պատասխանատվության ենթարկված եղել ապօրինի ծառահատման համար:
15:16 26.09.2017
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր Թբիլիսիում ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ով Թբիլիսի է ժամանաել ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ միասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա 25-ամյա դիվանագիտական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին`Բորժոմի կիրճիում բռնկված հրդեհը մարելուն աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև շփումների ակտիվացման, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներ, ինչպես նաև`զբոսաշրջության և մշակութային ժառանգության բնագավառում համագործակցությունը:
15:10 26.09.2017
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե իր կարծիքով՝ ով կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ նախագահը։ Վերջինս նշել է, որ առայժմ գործող նախագահ Վլադիմին Պուտինին փոխարինող չի տեսնում։ «Մենք միայն մեկ ընտրություն ունենք՝ դա Պուտինն է։ Ողջ ռուս ազգը նրան 100 տոկոսվ է աջակցում։ Կա Պուտին՝ կա Ռուսաստան։ Այլ թեկնածուների ժամանակը դեռ չի եկել»,-ասել է Կադիրովը։
14:54 26.09.2017
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից տեսախցիկ և համակարգիչ գողացած անձի ինքնությունը:
2017թ. օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:05-17:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով, սրահից հափշտակել է «Մաքբուք Պրո» դյուրակիր համակարգիչ և «Քենոն » տեսակի տեսախցիկ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են ավտոմեքենայի վրա առկա անվտանգության տեսախցիկի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ մարզաշապկով մի երիտասարդ մոտենում ավտոմեքենային:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված երիտասարդին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
14:32 26.09.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քրդիստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում նրանց չի օգնի անգամ Իսրայելը, գրում է t24.com.tr կայքը:
«Նրանք անգամ ուտելու բան չեն գտնելու այդ ժամանակ: Տեսնենք՝ Իսրայելն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով է նրանց ինչ-որ բան ուղարկելու», – ասել է Էրդողանը:
Ըստ նրա՝ Թուրքիան ստիպված է դիմել պատժամիջոցներին։ Բացի տնտեսական պատժամիջոցներից, օրակարգում է նաև ռազմական միջամտությունը, թեև վերջինի հարցում իրենք հույս ունեն, որ Իրաքյան Քուրդիստանը «խելքի կգա և ուժի կիրառման կարիք չի լինի:
«Անկեղծ ասած՝ մենք մինչև վերջին պահը հույս ունեինք, որ Բարզանին կհրաժարվի նման սխալ գործելուց: Պարզվում է՝ սխալվել ենք: Թուրքիայի հետ հարաբերությունների ամենափայլուն շրջանում առանց խորհրդակցելու և մեզ հետ քննարկելու նման որոշման գալը մեր երկրի դեմ դավաճանությում եմ որակում», – հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քրրդստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:
Պաշտոնական Բաղդադը նույնպես չի ճանաչում իրաքցի քրդերի հանրաքվեի արդյունքները:
14:25 26.09.2017
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի նոյեմբերին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այս պահին աշխարհի առաջնությունում մեդալի հավակնորդ ծանրորդ դեռևս չունենք:Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
«Դեռևս ուժեղ թիմ չունենք եւ անիմաստ եմ համարում ուղղակի մասնակցության համար մեկնել ԱՄՆ, մեծ ծախսեր անել, բայց մեդալի համար չպայքարել: Աշխարհի առաջնությանը չմասնակցելու որոշումը կայացրել ենք մարզչական շտաբով: Կպատրաստվենք 2018 թվականի աշխարհի առաջնությանը, երբ արդեն մեդալային պայքարի դուրս կգանք: Իսկ իրականությունն այն է, որ այս պահին դեռևս մենք պատրաստ չենք մեդալի համար պայքարել, մեդալի հույս չունենք»:
Արտաշես Ներսիսյան
Իսկ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը դեռեւս մնում է չհաստատված: Միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Բուխարեստում հանդես կգա 9 երկրների ազգային հավաքականներին 2017 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելու առաջարկով: 9 երկրների թվում է նաև Հայաստանը:
14:19 26.09.2017
Շանթնյուզը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Կառավարությունը որոշում է կայացնելու լուծարել ՀՀ ԱԻՆ-ի «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: Ընկերության հիմնական գործառույթներից են՝ արտակարգ իրավիճակների, պատահարների կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, ամփոփումը, վերլուծությունը, համապատասխան մարմիններին և բնակչությանն ազդարարումն ու իրազեկումը: Քաղաքացիներից,կազմակերպություններից, պետական և ոչ պետական ծառայություններից պատահարների, կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, ամփոփումը և հաղորդումն ըստ նախատեսվածության: Նկատի ունենալով, որ վերը թվարկված, նմանատիպ, կրկնվող գործառույթներ ունեն նաև նախարարության աշխատակազմի այլ ստորաբաժանումներ, բացի այդ, ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալն է, մինչդեռ ընկերությունը դարձել է ոչ շահութաբեր, չի նպաստել նախարարության առջև դրված խնդիրների իրականացմանը, նրա կողմից մատուցված ծառայությունները նախարարությանը այլևս անհրաժեշտ չեն, ուստի նպատակահարմար է ընկերությունը լուծարել:
14:11 26.09.2017
Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալեն Դանքնը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։Սեպտեմբերի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։ Ալեն Դանքնը Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար է 2016թ. հուլիսից:
13:59 26.09.2017
Հայաստանն ու Հորդանանը նախատեսում են ակտիվացնել տնտեսական կապերը գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտում: Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին և այն ընդգրկել առաջիկա նիստերի օրակարգ: Համաձայնագրով կողմերը պարտավորվում են խրախուսել և ստեղծել բարենպաստ պայմաններ բիզնես ներդրումների և ներդրումների հոսքը խթանելու համար, ինչպես նաև ապահովել լիակատար պաշտպանվածություն և հավասար պայմաններ բիզնես գործունեության համար: Հանձնաժողովում ողջունելի են համարել Հորդանանի հետ տնտեսական կապերի ընդլայնման այս քայլը կառավարության ներկայացուցչին հորդորել շարունակել բանակցությունները հորդանանյան կողմի հետ՝ փոխհամաձայնեցնել նաև օրենսդրական դաշտը՝ կրկնակի հարկման դեպքերից խուսափելու համար:
13:54 26.09.2017
Քրդստանի անկախության ձգտումների առումով Իրանը երբեք չի հայտարարել, որ դեմ է Քրդստան պետության ստեղծմանը: Իրանի ձևակերպումը հետևյալն է՝ մենք կողմ ենք Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը: Սեպտեմբերի 26-ին հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ քրդերի համար ճակատագրական սխալ կլինի իրանական կողմի հետ թշնամանալը: