Կրքերն այսօր թեժացել են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք»-ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ: Միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե ինչով «Ելք»-ին չի բավարարում մշտական հանձնաժողովների ձեւաչափը: Փաշինյանն էլ հակադարձել է, թե այդ դեպքում ինչո՞վ ՀՀկ խմբակցությանը չի բավարարել ժամանակավոր հանձնաժողով չստեղծելը: Բանը հասել է նրան, որ Աշոտյանը հայտարարել է, որ եթե Բաքվում սադրանքի չի ենթարկվել, ապա այժմ ևս չի ենթարկվի: Փաշինյանն էլ հեգնանքով պատասխանել է, թե Աշոտյանը տպավորության տակ է մնացել: