Գիտնականները Dermophis donaldtrumpi երկկենցաղին օրեր առաջ հայտնաբերել են Պանամայում: Նրան Թրամփ է անվանել EnviroBuild ընկերության տնօրեն Էյդան Բելլը, ով այդ իրավունքի համար աճուրդի ժամանակ վճարել է 25 հազար դոլար:
Ընկերությունում հայտարարել են, որ մտադիր են այդպիսով հասարակության ուշադրությունը հրավիրել կլիմայի փոփոխման խնդրի վրա։
«Dermophis donaldtrumpi-ն առանձնահատուկ զգայուն է կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ, և հետևաբար, գտնվում է վերացման սպառնալիքի տակ՝ իր անվանակցի կողմից կիրառվող քաղաքականության պատճառով»,- հայտարարել է Էյդան Բելլը:
Այն գումարը, որն Էյդան Բելլը վճարել է կենդանու անվան համար, կփոխանցվի ամերիկյան Rainforest Trust ոչ պետական կազմակերպությանը, որը զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանությամբ:
Նշենք, որ հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին:
Նա ասել էր, որ մտադիր է պայմանավորվել նոր համաձայնագրի շուրջ, որն արդար պայմաններ կառաջարկի ամերիկյան գերատեսչությունների, աշխատողների, ժողովրդի և հարկատուների համար: