Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում 57-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները:
Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, որը հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:
Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկատվություն:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել էր, որ «այս պահին բերման ենթարկվածներ, կասկածյալներ չկան: Կան վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ տարվում են օպերատիվ-քննչական գործողություններ»: