15:18 12.12.2017
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված 2017 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկում, այս տարի առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
ՀՖՖ-ն կոչ է անում քվեարկել Հենրիխ Մխիթարյանի օգտին:
«Արդեն մեկնարկել է sms քվեարկությունը և երկրպագուները, որոնք ցանկանում են ընդգրկել Հենրիխ Մխիթարյանին տարվա լավագույն մարզիկների տասնյակում պետք է հաղորդագրություն ուղարկեն 1006 կարճ համարին եւ նշեն մեր ֆուտբոլիստի համարը նախարարության կողմից հրապարակված անվանացանկում՝ 18: Խորհրդանշանական է, որ 18-ը նաեւ Մխիթարյանի խաղային համարն է մեր ազգային հավաքականում»,- ասվում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:
Սահմանված նոր կանոնակարգի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկներն ընտրվելու են հավատարմագրված լրագրողների և sms քվեարկության միջոցով, որին կարող են մասնակցել բոլորը: Քվեարկությանը շարունակվելու է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն, մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):
«Instagram»-ի իր էջում կատարած գրառումով Մխիթարյանի օգտին քվեարկելու կոչ է արել նաև ֆուտբոլիստի քույրը` Մոնիկա Մխիթարյանը: