ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Mon, 31 Mar 2025 19:43:33 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 Գիտնականները հայտնի կտավի մեջ բժշկական իմաստ են գտել https://www.shantnews.am/news/view/1579033.html Mon, 31 Mar 2025 19:31:15 +0000 https://www.shantnews.am/?p=1579033 Կորեական համալսարանի պրոֆեսոր Իմ Ջու Ռյուն և նրա հետազոտական թիմը առաջարկել են Գուստավ Կլիմտի «Համբույր» կտավում կարմիր «սկավառակների» սիմվոլիզմի նոր մեկնաբանություն: Գիտնականները ուսումնասիրել են այդ տարրերի կապը fin de siècle դարաշրջանի բժշկական հայտնագործությունների միջև(19-րդ և 20-րդ դարեր): Աշխատանքը հրապարակվել է Journal of Korean Medical Science (JKMS) ամսագրում:

«Համբույր» կտավի  ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կնոջ կրծքավանդակում և ծնկներում պատկերված են կարմիր շրջանների խտություններ, որոնք հիշեցնում են էրիթրոցիտներ(խմբ.արյան կարմիր բջիջներ): Հետազոտողները ենթադրում են, որ դրանք խորհրդանշում են արյան կենսական ուժն ու ֆիզիոլոգիական էությունը՝ միավորելով սիրո կենսաբանական և հուզական բնույթը նկարում: Գիտնականների կարծիքով, սիրահարների հագուստը նկարում պատկերում է կյանքի սկզբնավորման երեքօրյա ցիկլը՝ հարստացված ֆիզիոլոգիական խորհրդանիշներով:

Հետազոտության հիմնական պատմական ասպեկտներից մեկն առնչվում է Կարլ Լանդշտայներին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրին, ով 1901 թվականին բացահայտել էր ABO արյան խմբերի համակարգը: Նրա աշխատանքը հրապարակվել էր ավստրիական Wiener Klinische Wochenschrift բժշկական ամսագրում, որի խմբագիրն էր պրոֆեսոր Էմիլ Ցուկերկանդլը՝ Կլիմտի ընկերը: 1903 թվականին Կլիմտը խնդրել էր Ցուկերկանդլին կազմակերպել անատոմիայի մասին դասախոսություն նկարիչների համար, ինչը, հավանաբար, իր ազդեցությունն է ունեցել Կլիմտի ստեղծագործական մեթոդի վրա: Հայտնի է նաև, որ Կլիմտն ուներ գերմանական Meyers Großes Konversations-Lexikon հանրագիտարանը, որտեղ ընդգրկված էին էրիթրոցիտների գունավոր պատկերներ՝ դրանք կարող էին ոգեշնչել նկարչին՝ նման ձևեր իր արվեստում ներառելու համար:

Հետազոտողները նաև ուշադրություն են դարձրել կտավում կարմիր սկավառակների տեղադրմանը: Կնոջ ձեռքերը «Համբույր» կտավում ձևավորում են սրտի ուրվագիծ, իսկ կրծքավանդակի կարմիր սկավառակները դրված են այս խորհրդանշական սրտի կողքին՝ ընդգծելով կյանքի բաբախող ուժը: Ծնկների վրա գտնվող սկավառակները, գիտնականների կարծիքով խորհրդանշում են դաշտանային արյունը՝ ակնարկ վերարտադրողական կարողությանը և կյանքի շարունակությանը: Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ Կլիմտը գիտակցաբար ներառել է դաշտանի թեման՝ որպես իր գեղարվեստական ​​ստեղծագործության հիմնական տարր։

Այս կարմիր տարրերի ազդեցությունը նկարի ընկալման վրա ստուգելու համար թիմը ստեղծեց Kiss-ի փոփոխված տարբերակը՝ RBC Knockout Kiss, որում կարմիր սկավառակները հանվեցին: 2022 թվականին Ուլսանի Միջազգային արվեստի տոնավաճառում (UiAF) 300 հանդիսատես համեմատել է բնօրինակն ու փոփոխված տարբերակը: Բնօրինակն առաջացնում էր ասոցիացիաներ ինտենսիվության, գեղեցկության, կենսունակության և երիտասարդության հետ, մինչդեռ փոփոխված տարբերակը ընկալվում էր որպես միապաղաղ, անշարժ և անկենդան:

«Կլիմտի «Համբույրը» գլուխգործոց է, որը ոչ միայն փոխանցում է սիրո էքստազը, այլև վարպետորեն համատեղում է արվեստն ու բժշկությունը: Իր դարաշրջանի գիտական ​​գիտելիքները գեղարվեստական ​​սիմվոլիզմի վերածելով՝ Կլիմտը ստեղծեց մի գործ, որն այսօր էլ շարունակում է գերել դիտողներին»,- նշել է պրոֆեսոր Ռյուն:

]]>
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա https://www.shantnews.am/news/view/1581970.html Mon, 31 Mar 2025 09:20:50 +0000 https://www.shantnews.am/?p=1581970 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

]]>
«Արա Հարությունյանի Կոմիտասը». Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքը՝ նվիրված ականավոր քանդակագործին https://www.shantnews.am/news/view/1581360.html Fri, 28 Mar 2025 15:25:49 +0000 https://www.shantnews.am/?p=1581360 Մարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։

Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մշակութային գործիչներ, արվեստաբաններ, ուսուցիչներ, դպրոցականներ:

Ֆիլմի դիտումից հետո նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված աշակերտներին ու նախորդ տարիների շրջանավարտներին, Արա Հարությունյանի ընտանիքին: Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծմամբ ակնհայտորեն երևում են այն արդյունքները, որոնց ուղղությամբ հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տարվում են աշխատանքներ:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ կրթությունն այն ոլորտն է, որտեղ արդյունքները տարիների ընթացքում են երևում, սակայն դպրոցի անձնակազմի, ճիշտ կառավարման, տաղանդավոր երեխաների ներուժի օգտագործման շնորհիվ խաչվում են երկու կարևոր գործընթացներ. «Գիտեք, որ դպրոցներում ներդրվում է հանրակրթության պետական չափորոշիչը, որի կարևոր բաղադրիչներից մեկը սովորողների հետազոտական, ստեղծագործական, քննադատական կարողությունների զարգացումն է: Այս ուսումնական տարին նախարարության կողմից հայտարարվել էր մշակութային կրթության տարի, որովհետև կրթությունը մշակույթից զատելը շատ դժվար է։

Համակողմանի զարգացած մարդու ձևավորումն առանց մշակութային բաղադրիչի, անհնար է։ Եվ մենք այս տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք, որպեսզի իրոք խաչվեն մշակույթն ու կրթությունը, որպեսզի երեխաները զգան, թե ինչ կարևոր ազդեցություն կարող է ունենալ մշակույթը կրթության, մոտիվացիայի վրա՝ հաջողությունների հասնելու առումով:

Նախագծային աշխատանքը ուսուցման այն եզակի ձևն է, որի ժամանակ աշակերտներն անտրտունջ ու ոգևորված են աշխատում՝ նյութի համար լրացուցիչ աղբյուրներ, ձևեր գտնելով, վերլուծելով և ստեղծագործելով»,- ասել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմը նախագծային աշխատանքի լավագույն օրինակ է:

Ներկաներին ողջունել և կատարած աշխատանքի համար շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն Օվսաննա Քարամյանը:

Դպրոցի տնօրենի տեղեկացմամբ՝ «Արա Հարությունյանի Կոմիտասը» կրթամշակութային նախագծի շրջանակում դպրոցականները ուսումնասիրել են հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ստեղծագործությունները, մասնավորապես՝ քանդակագործի ստեղծագործական գործունեության այն հատվածը, որը վերաբերում է Կոմիտասին և նրա թողած հարուստ ժառանգությանը:

]]>
Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օր. Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն https://www.shantnews.am/news/view/1580976.html Thu, 27 Mar 2025 14:30:38 +0000 https://www.shantnews.am/?p=1580976 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին:

Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դպրոցականներին ու «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակիցներին՝ նշելով, որ այս ծրագրի մասնակից լինելն առանձնահատուկ խորհուրդ ունի.

««Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացնում ենք արդեն մի քանի տարի: Նպատակն է ծրագրի շրջանակում հնարավորություն ունենալ աշխատելու տաղանդավոր երեխաների հետ` նրանց տալով մասնագիտական կողմնորոշում, ուղղորդելով դեպի թատրոն ու թատերական մասնագիտություններ, դաստիարակելով թատրոնի լավ հանդիսատես: Թատրոնում լինելը որպես հանդիսատես և որպես բեմի աշխատող տարբեր զգացողություններ են: Վստահ եմ՝ այս ծրագրից հետո այլ զգացողություններով եք ներկա լինելու ներկայացումներին»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը համոզված է՝ բոլոր երեխաները տաղանդավոր են, և կրթական համակարգն ու ծրագրերը պետք է բացահայտեն ու զարգացնեն նրանց տաղանդները:

«Այս ծրագիրը ևս միտված է զարգացնելու և խթանելու ձեր ստեղծագործ միտքը՝ հաղորդակցվելով ոլորտի փորձառուների հետ»,- ասել է նախարարը և շնորհավորել թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առիթով:

Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների հետ թատրոնի տարբեր հարթակներում հետևել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մասնակիցների փորձերին:

Ծրագրի մրցութային երկու փուլերը հաղթահարած 60 աշակերտներն աշխատում էին թատրոնի հինգ խմբերում։ Երեքշաբաթյա ինտենսիվ դասերի ընթացքում ստեղծված ներկայացումները հանդիսատեսին կներկայացվեն ապրիլի 5-ին։

Դպրոցականները «Թատերական շաբաթվա» շրջանակում շրջել են թատրոնում, ծանոթացել թատրոնի պատմությանը, ետնաբեմին, արտադրամասերին, ստացած տեղեկությունների և հարցերի միջոցով հարստացրել իրենց պատկերացումներն ու գիտելիքները թատերարվեստի վերաբերյալ:

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը մեկնարկել է 2025 թ. մարտի 18-ին։ Ծրագրի խմբերի ղեկավարներն են Արմեն Մարությանը, Արթուր Կարապետյանը, Արմեն Քուշկյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Իսրայելյանը: Դասախոսներն են Լուսինե Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Արինա Արարատյանը, Նարինե Իսրայելյանը:

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

]]>
Լայպցիգի գրքի ցուցահանդես. տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը https://www.shantnews.am/news/view/1580966.html Thu, 27 Mar 2025 14:14:54 +0000 https://www.shantnews.am/?p=1580966 Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը:

Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Լայպցիգի գրքի տոնավաճառի կազմակերպիչներին՝ Հայաստանը կրկին այդ հեղինակավոր հարթակում ներկայացնելու հնարավորության համար, որին մեր երկիրը մասնակցում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների շրջանակում։

«Մեր մասնակցությունը Լայպցիգի գրքի տոնավաճառին Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային համագործակցության խորացման վկայություններից մեկն է։ Բարձր ենք գնահատում այս կապերն ու համոզված ենք, որ գրականությունը՝ որպես ամենազորեղ մշակութային գործիքներից մեկը, կարող է ոչ միայն փոխըմբռնում ձևավորել, այլև նոր կամուրջներ ստեղծել մեր ժողովուրդների միջև։

Այս տարի մենք ներկայացնում ենք Հայաստանն Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակում։ Իսահակյանը ոչ միայն հայ գրականության մեծանուն ներկայացուցիչներից է, այլև եվրոպական մշակութային տարածքի հետ կապող յուրահատուկ կամուրջ։ Նրա ստեղծագործություններն արծարծում են ազատության, սիրո, հումանիզմի և համամարդկային արժեքների թեմաները, որոնք շարունակում են արդիական մնալ նաև այսօր»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա օրերը հարստանալու են նոր համագործակցություններով, գրական բացահայտումներով ու ստեղծագործական շփումներով։

Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսից հետո նախատեսվում է «Վարպետը» ֆիլմի ցուցադրությունը:

]]>
Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում՝ նվիրած կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին https://www.shantnews.am/news/view/1580862.html Thu, 27 Mar 2025 09:31:04 +0000 https://www.shantnews.am/?p=1580862 Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ:

Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։

«Պորտուգալական Սինեմատեկի» դահլիճում ցուցադրության բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել «Սինեմատեկի» տնօրեն Ռուի Մաշադոն, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, «Պորտուգալիա–Հայաստան» բարեկամության ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը։

Ցուցադրության ընդհանուր ծրագրում ընդգրկված են եղել «Նռան գույնը» լիամետրաժ, «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև հատվածներ ռեժիսորի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից։

Միջոցառման նպատակը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի և ստեղծագործությունների հանրահռչակումն ու տարածումն է արտերկրում:

Մարտի 15-31-ն անցկացվող ցուցադրության ծրագիրը՝ https://tinyurl.com/3r6f5zvu

]]>
Քննարկվել են հայ-գերմանական համագործակցության ծրագրերը մշակույթի ոլորտում https://www.shantnews.am/news/view/1580543.html Wed, 26 Mar 2025 12:34:42 +0000 https://www.shantnews.am/?p=1580543 Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հալլե քաղաքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի ղեկավարների և ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ։

Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Լուց Նիցշեն և «WAYS» ծրագրի համաղեկավար Քորա Հեգվալդը ներկայացրել են իրենց գործունեությունը, կառուցվածքը` նախանշելով համանման հայաստանյան կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախորդ տարի ստեղծված Մշակույթի զարգացման հիմնադրամի մոդելը` ընդգծելով, որ կառույցը ստեղծվել է թանգարանային ոլորտում միասնական կառավարման մոդել ներդնելու և այդպիսով թանգարանների զարգացմանը նպաստելու նպատակով։

Քննարկման ընթացքում կարևորվել է Հայաստան-Գերմանիա մշակութային կապերի զարգացումը: Այս համատեքստում առաջարկվել է դիտարկել փոխանակման համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք հայ և գերմանացի մասնագետներին հնարավորություն կտան որոշ ժամանակով աշխատելու մշակութային համապատասխան կառույցներում:

]]>
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը https://www.shantnews.am/news/view/1580443.html Wed, 26 Mar 2025 08:40:53 +0000 https://www.shantnews.am/?p=1580443 Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։

Հուշատախտակի բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն իրականցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի քաղաքապետարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության և Երևանի Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հուշատախտակի բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Լայպցիգի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իսահակյանի պոեզիայի և արձակի հայ և գերմանացի սիրահարներ։

«Ավետիք Իսահակյանը հայ գրականության ամենավառ դեմքերից է: Նրա ստեղծագործությունները Հայաստանի և հայկականության սահմաններից դուրս են եկել` դառնալով համամարդկային արժեքներ։

Գերմանիան առանձնահատուկ դեր է խաղացել Իսահակյանի կյանքում։ Նա մի քանի տարի ապրել է Գերմանիայում՝ Լայպցիգում, Բեռլինում, որտեղ ուսումնասիրել է եվրոպական գրականությունն ու փիլիսոփայությունը և ակտիվորեն շփվել ժամանակի առաջադեմ գրական ու քաղաքական շրջանակի հետ։

Նրա գործերը լի են մարդկային էության շուրջ մտորումներով, որոնք սերտորեն առնչվում են նաև գերմանական մեծ մտածողների գաղափարներին: Կարելի է ասել, որ գերմանական փիլիսոփայական միտքը մեծապես ազդել է Ավետիք Իսահակյանի աշխարհընկալման վրա։

Մեծարելով Իսահակյանի գրական ժառանգությունը` նաև ընդգծում ենք Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային կապերը։ Նրա խոսքը, նրա պոեզիան հավերժական կամուրջ է անցյալի և ներկայի, Արևելքի և Արևմուտքի միջև»,- իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը: Հուշատախտակում ներկայացված է տեղեկություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին, ինչը նաև փաստական վկայություն է առ այն, որ Ավետիք Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից: Հուշատախտակին ամրացված է Գյումրիի սև տուֆը, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կա նաև QR կոդ, որի միջոցով այցելուները կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

]]>
Վատիկանում ցուցադրվել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմը https://www.shantnews.am/news/view/1580427.html Wed, 26 Mar 2025 07:31:48 +0000 https://www.shantnews.am/?p=1580427 Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառման շրջանակում ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը։

Նշենք, որ Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

«Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Կարեն Ծատուրյանը, բեմադրող օպերատորը՝ Ռոմեն Ծատուրյանը, կոմպոզիտորը՝ Հայկ Ներսեսյանը, պրոդյուսերը՝ Դավիթ Ջինանյան, սցենարի հեղինակն Աշոտ Դանիելյանն է:

]]>
«Մուսաները» արվեստի XX միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն https://www.shantnews.am/news/view/1580070.html Tue, 25 Mar 2025 07:28:56 +0000 https://www.shantnews.am/?p=1580070 Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2025 թվականի հուլիսի 4-16-ը կանցկացվի «Մուսաները» արվեստի XX միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին ու երիտասարդներին։

Մրցույթին կարող են մասնակցել մենակատարներ, ինչպես նաև անսամբլներ ու արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։ Մրցույթը նախատեսված է 5-35 տարեկանների համար:

Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։ 3 նստաշրջանից բաղկացած փառատոնի ընթացքում մրցույթներ կանցկացվեն հետևյալ ուղղություններուվ`

հուլիսի 4-9-ը՝ «Պարարվեստ», «Ոչ ստանդարտ ձևեր» «Գեղարվեստական»,

հուլիսի 9-14-ը՝ «Երաժշտական ​​արվեստ», «Կերպարվեստ, կիրառական և ֆոտոարվեստ», «Թատրոն», «Կինո»,

հուլիսի 11-16-ը՝ Ֆոլկլորի աշխարհի գավաթ:

Գրանցվել կարելի է հետևյալ հղումով` https://muzite.org/en/registration/:

Փառատոնի տարբեր կատեգորիաների մասնակցության վճարի չափի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է https://muzite.org/en/participation-fees-sozopol/ հղումով: Հաղթողներին որոշում է հեղինակավոր ժյուրին: Փառատոնի մրցանակային ֆոնդը՝ 20 հազար բուլղարական լև, բաշխվում է բոլոր բաժիններում հաղթող ճանաչվածների միջև:

]]>