Միջազգային մամուլում Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի թեման ամենաքննարկվողներից մեկն է մնում: Մխիթարյանի մասին գրում են անընդհատ: Հերթական անգամ հայ ֆուտբոլիստի վաճառքի հարցին անդրադարձել է «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Յուրաքանչյուր խաղացող իր արժեքն ունի: Կույր է նա, ով այլ կերպ է կարծում: Երբ տրասֆերային շուկան բաց է, ապա Հենրիխն էլ բաց է ցանկացած ակումբի համար, որը հետաքրքրվում է նրանով: Ամեն ինչ կախված է մեզանից: Մենք ենք, ի վերջո, որոշում կայացնելու՝ վաճառե՞նք նրան, թե ոչ: Եվ եթե պետք է վաճառենք, ապա միայն ճիշտ գնով: Մխիթարյանը խաղացել է Անգլիայի գավաթի խաղարկության վերջին հանդիպմանը և հավանաբար կխաղա նաև հաջորդ խաղում «Սթոկ Սիթիի» դեմ: Նա առայժմ մեր խաղացողն է և շատ լավ խաղացող է»,- ասել է Մոուրինյոն՝ պատասխանելով Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ հենց վերջին խաղից հետո Մոուրինյոն կրկին գովել էր Մխիթարյանին, անգամ ներողություն էր խնդրել նրան փոխարինելու համար: Մոուրինյոն ասել էր, որ զոհաբերեց Մխիթարյանին, բայց նա արժանի չէր դրան: