ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ-ի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխություններին: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված և նույն օրը երկու ընթերցմամբ էլ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։
Թոխյանը, ըստ էության, կողմ է հարցը հանրաքվեով լուծելու տարբերակին, բայց կարծում է, որ առանց ՍԴ-ի եզրակացության՝ չէր կարելի դնել հանրաքվե, իրավաչափության խնդիրներ են եղել։
«Հանրաքվեն չեղավ ու ես չգիտեմ՝ ինչ հրատապ հարց պետք է լուծեին, որ այսպես մեկ օրում Սահմանադրություն են փոխում, աննորմալ ընթացք է»,- ասել է Թոխյանը:
ՍԴ դատավորը հորդորում է ուսումնասիրել վենետիկցիների կարծիքը։ Ըստ նրա՝ վենետիկցիները կամավոր և պարտադիր թոշակի վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, մեր իշխանությունները համաձայնել են, որ միայն կամավոր կարող են գնալ։
«Հարցի էությունը հասկացեք Թոխյանի և մյուս իմ կոլեգաների անհատական, մարդկային իրավունքների տեսակետից: Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել, ասել՝ դու է՛լ դատավոր չես»,- նշել է Թոխյանը: