Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:
Կառավարության ղեկավարը Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը գնահատել է որպես գործնական և կառուցողական: Վարչապետը ողջունել է նաև Երևանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը և անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ և հասցեական առողջապահական համակարգի ստեղծումն է և առողջապահական բիզնեսի համար տարածաշրջանային հարթակի ձևավորումը:
Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ համաժողովը լավ հարթակ է՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:
Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել դեղագործության, առողջապահական բիզնեսի կազմակերպման ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Վերոնիկա Սկվորցովան իր հերթին նշել է, որ ռուսաստանյան կողմը ևս հետաքրքրված է այս բնագավառներում գործակցության զարգացմամբ և պատրաստակամություն է հայտնել քննարկելու համատեղ հետագա քայլերը: