Դեկտեմբերի 20-ին կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բողոքը, որում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խնդրել էր փոխել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին մինչև մայիսի 31-ը, ներառյալ որակազրկման որոշումը՝ նվազեցնելով պատժատեսակը երեք խաղով որակազրկմամբ:
«ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն, քննելով «Փյունիկ» ՖԱ բողոքը, կարգապահական գործում առկա նյութերը և ուսումնասիրելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգերով նման արարքների համար սահմանված պատասխանատվության չափերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված խախտումը, մասնավորապես, թույլ է տվել խաղը սպասարկող մրցավարի հասցեին հայհոյանք պարունակող արտահայտություն, ինչպես նաև այն հանգամանքը, որ Անդրեյ Տալալաևն առաջին անգամ է վերը նշված կետով սահմանված արարք կատարել և նրա արարքը ծանրացնող այլ հանգամանքներ չկան, միաձայն որոշեց «Փյունիկ» ՖԱ բողոքը բավարարել մասնակի՝ Անդրեյ Տալալաևի որակազրկման ժամկետը փոփոխել և այն սահմանել մինչև 31.03.2019-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: